«Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպումներից, բայց չգիտենք, ինչ խաղեր կտա Ադրբեջանը»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների փոփոխությունը լուրջ ազդեցություն դժվար թե ունենա միջնորդական ջանքերի վրա, քանի որ համանախագահները ներկայացնում են իրենց երկրների դիրքորոշումները»,- 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսիսում ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, համանախագահների և Հայաստանի ջանքերն ուղղված են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջ գնալու համար համապատասխան պայմաններ ստեղծելուն:
Նախարարի խոսքով, Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահերի ջանքերին, հարցականի տակ է դնում Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի են աղավաղում, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում:
«Եռանախագահող երկրները ստիպված նորից ու նորից կրկնում են, որ պետք է անխտիր պահպանեն հրադադարի ռեժիմը, անհապաղ իրականացնեն պայմանավորվածությունները՝ միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի հնարավորությունների, կարողությունների ընդլայնում»,- ասաց Է. Նալբանդյանը:
Հարցին, թե արդյո՞ք նախատեսում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների մակարդակով, Է. Նալբանդյանն ասաց, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին եռանախագահների հետ հանդիպում նախատեսված է, նաև առաջարկել են եռանախագահները հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների միջև:
«Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպումներից, բայց չգիտենք, ինչ խաղեր կտա Ադրբեջանը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Խոսելով նախորդ տարվա վերջին Չինարիի ուղղությամբ դիվերսոն հարձակման մասին, նախարարն ասաց.
«Ոմանք հարց են տալիս, թե ինչո՞ւ եղավ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձը, ո՞վ է տվել հրաման՝ ադրբեջանական ղեկավարությունը, տեղական հրամանատարությունը, թե ինքնաբուխ է եղել, մի քանի խելքը կորցրած դիվերսանտների կողմից: Բոլոր տարբերակներն էլ շատ վատ են»:
Նրա խոսքով, եթե հրամանը տվել է Ադրբեջանի հրամանատարությունը, ապա մեկնաբանություններից վեր է, չնայած կասկած չկա, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է տալ նման հրաման, քանի որ հրադադարի ռեժիմի ամրապնդումից հրաժարվում է հենց Բաքուն:
«Եթե հրամանը տվել է տեղական հրամանատարությունը, խոսում է այն մասին, որ ադրբեջանական բանակում ուղղակի ինչ-որ հրամանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա, կարող են այնպիսի գործողությունների գնալ, որոնք ունենան անկանխատեսելի հետևանքներ, ինչը կարող է ոչ միայն սրել, այլ բացասական զարգացումների բերել: Ասենք այդ տարբերկան էլ չէ ու ինչ-որ խելքը կորցած դիվերսանտներ են դա արել: Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը, պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ այսպիսի երևույթներ կարող են լինել, որոնք խոսում են ամբոխային խելագարվածության մասին: Հակառակ դեպքում ինչպես կարող է լինել, որ Ադրբեջանում հունվարին անցկացված հանրային կարծիքի հարցումներն ասում են, որ Ադրբեջանի հասարակության 92 տոկոսն արտահայտվում է ուժի գործադրման և ռազամական ճանապարհով հարցի լուծման կողմ»,- ասաց նախարարը:
Է. Նալբանդյանի խոսքով, ժամանակն է, որ միջազգային հանրությունը, եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, ով դեմ է գնում իրենց կոչերին, պահանջներին, կորցրել է իրականության զգացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան