Պետք է կոփվել, շնչառական վարժություններ կատարել՝ սուր շնչառական հիվանդությունների դեմ պայքարելու համար. մասնագետ
Սուր շնչառական հիվանդությունները գլուխ են բարձրացնում նոյեմբերից մինչև մարտ ամիսները և տևում են 5-12 օր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ, ԲԳԹ, դոցենտ Լյուդմիլա Սիմոնյանցն՝ անդրադառնալով դրանց կանխարգելմանն ու բուժմանը։
«Այս հիվանդությունները կազմում են ինֆեկցիոն հիվանդությունների 90 տոկոսը։ Սուր շնչառական հիվանդությունների հիմնական հարուցիչները վիրուսներն են, որոնց թիվը շատ մեծ է՝ մոտ 200, սակայն սուր շնչառական հիվանդությունների հարուցիչներ են հանդիսանում նաև մանրէներն ու սնկերը»,-նշեց Սիմոնյանցը։
Ինչ վերաբերում է սուր շնչառական հիվադությունների համար մանկահասակ երեխաների խոցելի խմբերին՝ մասնագետը նշեց, որ առավել խոցելի են ահաս երեխաները, որոնք ծնվել են ժամանակից շուտ, ոչ հասուն երեխաները, որոնք ժամանակին են ծնվել, բայց ոչ հասուն ձևով, ինչպես նաև իմունոլ դեֆիցիտային վիճակներ ունեցող երեխաները։
Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի փոխնախագահի խոսքով՝ ինչպես ցանկացած այլ հիվանդությններին, սրա դեպքում էլ պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել կանխարգելմանը. «Պետք է կոփել երեխային, ֆիզիոթերապևտիկ, շնչառական ուղիները ամրացնող վարժություններ պետք է կատարել։ Հիմա դպրոցում, երբ երեխան սուր շնչառական վարակ է ունենում, մի փոքր ջերմություն է ունենում, անմիջապես երեխային ուղարկում են տուն, սակայն պետք է դպրոցներում առավել լուրջ ուշադրություն դարձնեն այս հարցին, ու մինչ հիվանդության տարածվածության սեզոնը, մասնագետի հետ հանդիպում կազմակերպեն ծնողների ու աշակերների համար, որպեսզի մասնագետի խորհրդով կարողանան կատարել համապատասխան միջոցառումները, հաճախ չհիվանդանալու և կոփված լինելու համար»։
Բանախոսը հավելեց, որ այս տարի ևս ունեցանք սուր շնչառական հիվանդությունների բավականին շատ դեպքեր, բայց ասել, որ դա համաճարակային բնույթ ուներ, չի կարելի։