Ռաֆայել Ալեքսանյան. «Մառախուղի պատճառով տեսանելիությունը փակ էր, փառք Աստծո, հասանք Երևան»
Փարիզում կայացած ըմբշամարտի տարեսկզբյան ներկայացուցչական միջազգային 4-րդ մրցաշարը կարելի է հաջողված համարել հունահռոմեական ոճի հայ ըմբիշների համար, ովքեր կարողացան 3 ոսկե և մեկ բրոնզե մեդալ նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Ոսկե մեդալների արժանացան 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 80 կգ քաշային Կարապետ Չալյանը և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Հայաստանի համար 71 կգ քաշային կարգում միակ բրոնզե մեդալը նվաճած Ռաֆայել Ալեքսանյանը panorama.am-ի հետ զրույցում կիսվեց տպավորություններով` շեշտելով, որ Փարիզի մրցաշարում կարող էր ավելի լավ արդյունք գրանցել:
Մինչ մրցաշարին անդրադառնալը` նշենք, որ Փարիզից Կիև վայրէջք կատարած հայ ըմբիշների ինքնաթիռը պետք է Զվարթնոց օդանավակայան հասներ երեկ կեսգիշերն անց, սակայն Կիևից եղանակային վատ պայմանների պատճառով Զվարթնոց վայրէջք կատարելը մեծ դժվարություններ է առաջ բերել և մի քանի փորձից հետո ինքնաթիռն ուղղություն է վերցրել Թբիլիսիի օդանավակայան, լիցքավորվել, ապա միայն լուսադեմին հասել Երևան:
«Մառախուղի պատճառով տեսանելիությունը փակ էր: Մի քանի պտույտ կատարելուց հետո ստիպված էինք թռչել Թբիլիսի, որից հետո նոր միայն կարողացանք հասնել Երևան: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ»,- պատմեց հայ մարզիկը:
Ռաֆայել Ալեքսանյանը, սակայն, չխուսափեց պատասխանել մեր հարցերին և հիշեց անցկացրած գոտեմարտերն ու գնահատեց իր մրցելույթները: 71 կգ քաշային կարգում հայ ըմբիշը կարող էր ավելի լավ արդյունք գրանցել, եթե չլիներ վերջին տարիներին իսկապես մեծ խնդիր դարձած կողմնակալ մրցավարությունը:
«Իհարկե, կարող էի ավելի լավ արդյունք գրանցել, սակայն շատ դեպքերում համամիտ չէի մրցավարների գործողությունների հետ: Կարող էի հաղթել գոտեմարտերիցս յուրաքանչյուրում, սակայն այս անգամ բավարարվեցի բրոնզե մեդալով»,- նշեց Ալեքսանյանը:
Առաջին գոտեմարտում Ռաֆայել Ալեքսանյանը 8:0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սմիթի նկատմամբ: Այստեղ մրցավարներն անկարող էին չտեսնել հայ մարզիկի ակնհայտ առավելությունը, իսկ ահա հունգարացի Ֆրիտչի հետ մենամարտում, 1:0 հաշվի ժամանակ, մրցավարական միջամտությունն իր դերը խաղաց և, արդյունքում, Ռաֆայելը պարտվեց 6:2 հաշվով:
«3-րդ տեղի համար պայքարում մրցակիցս Ֆրանսիայի ներկայացուցիչն էր, որի հետ գոտեմարտի սկզբում պարտվում էի 0:4 հաշվով, սակայն հետագայում կարողացա հետ բերել կորցրածն ու հաղթել 10:4 հաշվով»,- պատմեց հայ ըմբիշը:
Գոտեմարտը դիտելիս կարելի է տեսնել, որ հենց այստեղ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի նյարդերը տեղի տվեցին ու թեև նա արժանացավ զգուշացման, սակայն մեր պատվիրակների բողոքարկման շնորհիվ հրավիրվեց գլխավոր մրցավարը, ով պետք է հսկեր հանդիպումը սպասարկող մրցավարների գործողությունները: Եվ ահա արդեն այս պայմաններում Ռաֆայել Ալեքսանյանը հաղթեց 10:4 հաշվով` դառնալով բրոնզե մեդալակիր:
«Առջևում ուսումնամարզական հավաքներն են` Երևանում: Այն կսկսենք փետրվարի կեսերից, իսկ մարտի 1-4-ն Ուկրաինայում կկայանա ըմբշամարտի հերթական միջազգային մրցաշարը, որին էլ պատրաստվում եմ մասնակցել»,- նշեց հայ ըմբիշը:
Ամենայն հավանականության, Կիևի մրցաշարում Ռաֆայել Ալեքսանյանը կբարձրանի քաշային կարգը` հանդես գալով 75 կգ-ում: Ուկրաինայի մրցաշարը կլինի հերթական ստուգատեսը` Եվրոպայի առաջնությունից առաջ, իսկ թե ովքեր կներկայացնեն Հայաստանն արդեն գլխավոր մրցաշարում, դեռ հայտնի չէ: