Գաբուզյանն ու Ղարիբյանն առաջատարին զիջում են կես միավորով
Իրանում մեկնարկել է «Սաբալանի գավաթ 2017» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 54 շախմատիստներ, այդ թվում` 10 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 8 միջազգային վարպետ և երեք ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, Եվրոպայի մինչև 12 տարեկան շախմատիստների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանն ու գյումրեցի շախմատիստ Սեդրակ Մաթևոսյանը:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Մամիկոն Ղարիբյանն ու Հովհաննես Գաբուզյանը 3 միավորով կիսում են 4-13-րդ տեղերը, Հրայր Սիմոնյանը 2,5 միավորով 14-րդն է, իսկ Սեդրակ Մաթևոսյանն ունի 2 միավոր և 27-րդն է։ Իրանի, Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները 3,5 միավորով զբաղեցնում են 1-3-րդ տեղերը։