Լեռնանցք գյուղում 11 մարդ է թունավորվել հավի շաուրմայից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցել են նախ նշված բժշկական կենտրոն, ապա՝ «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ և ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի օբյեկտ, որտեղ և սնվել են հոսպիտալացված անձինք:
Ծառայության մասնագետները հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից (հումքից, քանի որ պատրաստված սննդից մնացորդ չի եղել) նմուշառումներ են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության:
Միաժամանակ, Ծառայությունը քայլեր է ձեռնարկել՝ հետագծելիության սկզբունքով ընկերությանը սնունդ մատակարարող կազմակերպություններին հայտնաբերելու և ողջ շղթայում վերահսկողությունն ապահովելու նպատակով: Այս մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 27.01.2017թ-ին տրվել է նշված ընկերության արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր. տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է:
««ԱՐԹՎԱՐԴ» ընկերության գործունեությունը ՍԱՊԾ-ն արդեն իսկ համարել էր բարձր ռիսկային՝ ընդգրկելով տնտեսավարողին 2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրում. ստուգումները կիրանացվեն այս օրերին: Դեպքի համակողմանի ուսումնասիրության և վտանգի աղբուրի բացահայտման նպատակով ՍԱՊԾ մասնագետները համագործակցում են այլ գերատեսչությունների գործընկերների հետ»,- ասաց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:
Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ օրերս Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոն և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել տարածաշրջանի 12 բնակիչ` «սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Լոռու մարզպետարանի մասնագետների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտագործել են Լոռու մարզի հանրային սննդի միևնույն կազմակերպության պատրաստված հավի մսով շաուրմա:
Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաև սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:
Հիվանդներից մեկն այսօր արդեն առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը գնահատվում է բավարար: