Աշոտյանը Հովիկ Աբրահամյանին գեղարվեստական էլեմենտներով համեմված բանավեճ է խոստանում
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի ցանկանում շարունակել գետերի ու առվակների այլաբանությունը, քանի որ «ջուրը ծեծելու» կարիք չի տեսնում։
«Մենք կմտնենք քարոզչական փուլ, ես չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի մեր նախկին կուսակցական գործընկերը՝ Հովիկ Աբրահամյանը և եթե որոշեց ընտրություններին մասնակցել այլ քաղաքական ձևաչափով, բնականաբար, արդեն քաղաքական ուժերի ձևաչափով քարոզարշավային տրամաբանության մեջ կշարունակվի քաղաքական բանավեճը գուցե, համեմված գեղարվեստական այլ տեսակի էլեմենտներով», -այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Արմեն Աշոտյանը։
Լրագրողի հարցին, թե ՀՀԿ-ի համար հասկանալի՞ էր, թե ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ կուսակցությունից, Աշոտյանը պատասխանեց, որ այդ հարցի հասցեատերը հենց Աբրահամյանն է։ Միաժամանակ նկատեց, որ ինքը կատարվածից անձնական վերլուծություններ է կատարել և հասկացել.
«Պարոն Աբրահամյանը իր համար այլ քաղաքական ճակատագիր է պատկերացնում, քան Հանրապետական կուսակցությունը։ Եվ այստեղ իր մոտ առաջացել է ցանկություն ճակատագիրը կերտել առանց Հանրապետական կուսակցության։ Իսկ Հանրապետական կուսակցության ներսում կա բացառապես թիմային շահերի, մոտեցումների համադրման բանաձև։ Մենք երբեք չենք սպասարկել որևէ կոնկրետ անձի վերցրած քաղաքական շահերը, երբեք, լինի դա նախկին վարչապետ, թե՞ ԱԺ նախկին նախագահ։ Հետևաբար Հանրապետականի քաղաքական վեկտորը չի կառուցվում առանձին վերցրած անձի մասին ունեցած պատկերացումներով»։
Հաջորդ հարցին, թե այսինքն Հովիկ Աբրահամյանը չի՞ ստացել ցանկալի պաշտոնը, Աշոտյանը պատասախնել է. «Ակնհայտ էր այդ ամբողջ ժամանակաընթացքում, ինչպիսի իրական դրդապատճառներ, ակնարկներ կան այդտեղ և պետք չէ պարզունաակցնել գործընթացը՝ կորզելով կոնկրետ անուններ։ Բոլորը հասկանում են՝ ինչի մասին է խոսքը»։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի հաշվառումից կհանվի
- Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումները տխրեցրել են Աշոտյանին
- Հովիկ Աբրահամյանը արձագանքել է ՀՀԿ նախագահին
- Հանրապետականը Հովիկ Աբրահամյանի հեռանալուց չի թուլացել. Շարմազանով
- Հովիկ Աբրահամյանի ազգականը ազատվել է պաշտոնից
- Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ. Հովիկ Աբրահամյան