Փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է. Դեսպան Միլս
«Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, սակայն փոփոխության հետ մեկտեղ գալիս են նաև հնարավորություններ»,- Հայ-ամերիկյան առևտրային պալատում ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա նշեց, որ ամեն անգամ, երբ նոր վարչակազմ է ձևավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում, և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով պետքարտուղարության վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ նոր վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ուղեգծերն ու նրբությունները, շահերի կարևորությունը Հարավային Կովկասում և բարեկամությունն իր ողջ խորությամբ:
Դեսպան Միլսը որպես գերակայություն կարևորեց նաև հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալիորեն ներկայացնելը:
«Ես սա առանձնացրեցի որպես գերակայություն, որովհետև շատ հայեր, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, և մարդիկ, ովքեր նախկինում այցելել են Նահանգներ կամ ապրել այնտեղ, նշում էին, որ չեն հասկանում ԱՄՆ քաղաքականությունը: Շատ առումներով սա հեշտ գործ չէ, եթե հաշվի առնենք հայաստանյան լրատվական դաշտի իրողությունները: Ամերիկյան ու արևմտյան լրատվական աղբյուրներից հայերը քիչ են օգտվում, ու թեպետ ինտերնետը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է ստանում, սակայն ամերիկյան լրատվամիջոցներից օգտվելու համար շատերին խանգարում է անգլերենի չիմացությունը: Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր խմբերի հետ, ինչպիսի օրինակ այս խումբն է, եղել եմ մի շարք համալսարաններում, դեսպանատան ամերիկացի անձնակազմը, մեր կրթական ծրագրերի շրջանավարտների հետ գործակցելով, արտաքին քաղաքականության տարբեր հարցերի են անդրադարձել Ամերիկյան անկյուններում, ես մի շարք հարցազրույցներ եմ տվել, ուղիղ ճեպազրույցներ ունեցել ֆեյսբուքում, ու նաև ակտիվ ենք եղել թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում: Ինձ հետաքրքիր կլինի լսել ձեր գնահատականն այս ուղղությամբ մեր աշխատանքների մասին և առաջարկները, թե ինչպես կարող ենք ավելին անել: Եթե կարծում եք, որ արժե ավելի լավ հասկանալ ԱՄՆ գործողություններն ու քայլերն աշխարհում, ապա հետևեք մեզ թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում, մեկնաբանություններ ներկայացրեք մեր հրապարակումների վերաբերյալ ու դրանք փոխանցեք ձեր շրջապատի մարդկանց»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպան. Մարդու իրավունքների ոլորտում անհանգստացնող միտումներ ենք նկատել
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նախորդ տարվա հուլիսյան դեպքերի մասին
- ԱՄՆ դեսպանը համամիտ է նախագահ Սարգսյանի հետ
- ԱՄՆ դեսպան. Մենք Միացյալ Նահանգների կառավարությունն ենք ներկայացնում, Ջեյմս Բոնդի ֆիլմից չենք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան