Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ
Թբիլիսիի 19-րդ դարի հայկական Շամխորեցոց կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում: aliq.ge կայքը գրում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից եկեղեցու հարակից տարածքում շինարարություն է սկսվել: Շինարարական աշխատանքները իրականացնող «Հորիզոնտ» ՍՊԸ-ին տրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (շինթույլտվություն և այլն): Շինարարությունն ընթանում է եկեղեցուց ընդամենը 5 մետր հեռավորության վրա:
Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության հարցերով պատասխանատու Սուսաննա Խաչատրյանի խոսքով, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին թեմի կողմից նամակ է ներկայացվել Հուշարձանների պաշտպանության ազգային գործակալությանը, որը, սակայն, անպատասխան է մնացել:
«Երկու օր առաջ, «Թբիլիսիի համքարներ» հասարակական կազմակերպությունը նորից բարձրացրեց այդ հարցը, արդեն շեշտադրումը դնելով այն բանի վրա, որ ընդամենը 5-6 մետր հեռավորության վրա ընթացող շինարարությունը կարող է վնաս պատճառել եկեղեցուն և նպաստել դրա ոչնչացմանը: Վտանգ է սպառում արևելյան պատի` այդ կանգուն մնացած միակ պատի փլուզմանը: Այսօր, վիրահայոց թեմի իրավաբանական բաժինը նամակ է գրել քաղաքապետարանին և նախարարությունը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն եկեղեցու փլատակները պահպանելու համար, ինչպես նաեւ դադարեցվեն շինարարական աշխատանքները»,- ասել է Սուսաննա Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանյան առաքելական եկեղեցու համար Շամխորեցոց Սբ. Աստվածածինը վիճելի չի դիտարկվում, թերևս վրաց ուղղափառ եկեղեցին այն վիճելի է համարում, դրա համար էլ սառեցված է եկեղեցու հարցի լուծումը:
«Սակայն ամեն ինչից զատ այն մշակութային կոթող է` գտնվում է Վրաստանում և դրա անվտանգության հարցով պատասխանատու է Վրաստանի հուշարձանների նախարարությունը: Մենք ահազանգում ենք և հույս ունենք, որ Վրաստանի իշխանությունները պատշաճ մոտեցում կցուցաբերեն»,- նշել է նա:
Ըստ աղբյուրի, շինարարական թույլտվության փաստաթղթից կարելի է ենթադել, որ կառուցվող շինությունը բնակելի շենք կամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարությունն ընթանում է մի վայրում, որտեղ մի շարք հյուրանոցներ են գործում, շինությունը կարող է նախատեսծված լինել ծառայության ոլորտի համար: