Փետրվարի կեսին Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ոսկրածուծի փոխպատվաստում
Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը նախատեսվում է փետրվարի կեսին Հայաստանում առաջին անգամ իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստում: Ինչպես այսօր «Քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում. բուժման հնարավորություններն ու առկա մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը, 4 հիվանդ սպասում է աուտո-փոխպատվաստմանը:
Նրա խոսքերով՝ արդիականացված Արյունաբանական կենտրոնում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա: Կենտրոնը հագեցած է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են իրենց նշանակությամբ և եզակի՝ հանրապետությունում։ «Ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներ միշտ եղել են, և մենք բացել են այս կենտրոնը, որպեսզի մարդիկ նման դեպքերում չգնան այլ երկրներ` բուժում ստանալու համար: Հիմա մենք ունենք այդ հնարավորությունը և մարդիկ կկարողանան բուժումը կազմակերպել մեր երկրում»,- ասաց Կարեն Մելիքսեթյանը:
Նա նաև նշեց, որ արյունաբանական ծառայության սպասարկման տարիքային սահմանափակում չկա, միայն 60 և ավելի տարիք ունեցող հիվանդների փոխպատվաստման դեպքում կա սահմանափակում, քանի որ այդ տարիքում մարդիկ ունենում են փոխկապակցված հիվանդություններ, ինչը փոխպատվաստման դեպքում մի շարք բարդություններ կարող է առաջացնել:
Քննարկման ժամանակ ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, մանկական ուռուցքաբան,արյունաբան Գևորգ Թամամյանն էլ անդրադառնալով երեխաների շրջանում չարորակ գոյացություններին՝ նշեց, որ Հայաստանում ամեն տարի մանկական քաղցկեղի մոտ 60 նոր դեպք է գրանցվում: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակներից են լեյկեմիաները, գլխուղեղի, ոսկրային, երիկամի ուռուցքները:
«Հայաստանում քաղցկեղով հիվանդ 100-ից 70 երեխան ունի կատարյալ առողջացման հնարավորություն, զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 85-ի: Եթե համեմատենք աֆրիկյան երկրների հետ, որտեղ ցուցանիշը 20-25 է, ապա մեզ մոտ վիճակը լավ է, բայց եթե համեմատում ենք եվրոպական զարգացած երկրների հետ, ապա այստեղ մենք դեռ տեղ ունենք ցուցանիշը զարգացնելու և հասցնելու 85-ի»,- նշեց Գևորգ Թամամյանը:
Նրա խոսքերով՝ մանկական չարորակ նորագոյացությունների մեծամասնությունը Հայաստանում այսօրվա պայմաններում հնարավոր է բուժել: Ըստ նրա՝ թեև դրա համար մեծ գումարներ են հարկավոր, սակայն կան հիմնադրամներ, անհատներ, որոնք գումար են հատկացնում երեխաների բուժման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան