Այվազովսկու գերեզանի վերանորոգման համար անհրաժեշտ է 23 միլիոն ռուբլի
Թեոդոսիայում հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզանի վերանորոգման համար անհրաժեշտ է 23 միլիոն ռուբլի: crimea.ria.ru-ի հաղորդմամբ, Թեոդոսիայի վարչակազմի մշակութային հարցերի բաժնի պետ Ալբերտ Դորժեևը նշել է, որ այս գումարը վերջնական չէ, կարող է փոփոխվել, երբ պատրաստ լինի վերականգնման նախագիծը:
Թեոդոսիայի քաղաքային իշխանությունները նշում են, որ այսօր գերեզմանը և այն շրջապատող տարածքն անբարեկարգ վիճակում է:
«Մենք ամեն սանտիմետր ուսումնասիրել ենք: Կան լուրջ խնդիրներ ստորգետնյա ջրերի հետ կապված, ինչ-որ տեղաշարժեր են եղել, գերեզմանը բառիս բուն իմաստով լողում է: Անհրաժեշտ է այնտեղից ջուրը հանել և հասկանել, թե ինչ վիճակում է դամբարանը: Այնտեղ երկար տարիներ ոչ ոք չի մտել»,- ասել է Ալբերտ Դորժեևը:
Ղրիմի մշակութային հուշարձանների պահպանության կոմիտեից հայտնել են, որ գերեզմանի, ինչպես նաև Այվազովսկու թանգարանի վերանորոգումն առաջնահերթ ծրագրերից է, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կտրամադրվի անհրաժեշտ գումար աշխատանքները սկսելու համար:
Թեոդոսիայում գտնվող Հովհաննես Այվազովսկու թանգարանում է պահվում նկարչի ամենամեծ հավաքածուն. 416 կտավի մեծ մասն ունի ավելի քան մեկ միլիոն եվրո ապահովագրական արժեք:
Նշենք, որ այս տարի լրանում է Հ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակը:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
- Թեոդոսիայում Այվազովսկու պատկերասրահը հեղեղված է ջրով
- Թեոդոսիայի թանգարանում պահվող Այվազովսկու կտավների մեծ մասն արժի ավելի քան 1 միլիոն եվրո
- Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին