Ուայթ. «Ինձ թվում է՝ Ռոնդա Ռոուզին ավարտել է ելույթները UFC-ում»
UFC-ի նախագահ Դան Ուայթը հասկացրել է, որ Ռոնդա Ռոուզին դժվար թե վերադառնա UFC։ Նրա խոսքերով՝ նախկին չեմպիոնուհին հեշտ չի տարել վերջին պարտությունը և ուզում է հանգստանալ սպորտից։
«Ռոնդայի հետ խոսել եմ առավոտյան՝ մարզադահլիճի ճանապարհին։ Նրա հետ ամեն ինչ կարգին է, լավ է իրեն զգում, զբաղվում է իր գործերով։ Եթե հենց հիմա ստիպված լինեի ինչ-որ բան ասել նրա ապագայի մասին, կնշեի, որ Ռոուզին այլևս չի վերադառնա։ Ինձ թվում է՝ ավարտել է կարիերան։ Շատ բան է արել, իսկ հիմա ուզում է անցնել հանգստի ու վայելել կյանքը,- Ուայթի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Նա շատ է սիրում մրցակցել, ուստի կարիերան ու արդյունքները շատ կարևոր էին նրա համար։ Բայց երբ պարտվեց, սկսեց եփվել իր մեջ։ Ինձ թվում է, որ պարզապես ցանկանում է զբաղվել այլ գործով։ Շատ փող ունի, որի կարիքն այլևս երբեք չի զգա։ Եթե չծախսի խելագարի պես, ինչպես Ֆլոյդը, դրանք երբեք չեն սպառվի։ Կարծում եմ՝ պլանավորում է մեկնել որևէ հանգիստ վայր ու ապրել սեփական կյանքով։
Արդյոք տխո՞ւր եմ։ Իհարկե, ցավալի է, երբ նման աստղը հեռանում է սպորտից։ Բայց լսեք, ես երջանիկ եմ նրա համար։ Նա ներխուժեց MMA-ի աշխարհ ու ընդմիշտ փոխեց այն։ Հույս ունեմ, որ նրա սահմանած ռեկորդներն ինչ-որ պահի կգերազանցվեն։ Անկեղծ ասած՝ գաղափար չունեմ, թե դա արդյոք հնարավո՞ր է, սակայն շատ մեծ հույսեր ունեմ»։
Ավելացնենք, որ իր վերջին մարտում Ռոնդա Ռոուզին զիջել է Ամանդա Նունյեսին ընդամենը 48 վայրկյանում։