Վարչապետի գործողությունները և դրանցից բխող Սվիտալսկու լավատեսությունը
Հայաստանի նոր կառավարության ակտիվ ջանքերը կոռուպցիան արմատախիլ անելու հարցում Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկուն մեծ հույսեր են ներշնչել։
Այսօր «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկի ժամանակ դիվանագետն ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը վերլուծել է իրավիճակը, հասկանում է խնդրի բարդությունը ու քայլեր է ձեռնարկել դրանք վերացնելու համար։
«Ամենավատն այն է, որ դուք անտարբեր եք, մարդիկ ասում են՝ վատ է, բայց հասարակությունը չի կարող առանց կոռուպցիայի գոյատևել ու գործել», -նկատեց դեսպանը։
Դիվանագետի խոսքով, Եվրոպական Միությունը ցանկանում է, որ Հայաստանի վիճակը լավ լինի, կոռուպցիայից զերծ երկիր լինի Հայաստանը ու այդ նպատակով այս արշավի իրականացման համար ԵՄ-ն տրամադրել է 15 մլն եվրո։ «15 մլն եվրո տվել ենք արդեն, էլի կտանք, պետք է գործ արվի», -ասաց դեսպանը։
Վերջին ամիսներին, Սվիտալսկու խոսքով, իրենք կատարված աշխատանք են տեսել, որն իրականացվել է կառավարության կողմից. Օրենսդրական աշխատանք, ապօրինի հարստացման քրեականացում։ Այս ամենը, ըստ դեսպանի նպատակ ունի բարձրացնել պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը։
Հարցին, թե արդյոք նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի ղեկավարման ժամանակ Հայաստանի կառավարությունը հաջողություններ չի գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, Սվիտալսկին ի պատասխան նկատեց, որ այն ժամանակ պատասխանատվության աստիճանը բարձր չէր և խոստովանեց, որ խնդիրներ ունեցել են։
«Հիմա այլ վիճակ է։ Մենք ականատես ենք լինում այս կառավարության կողմից կատարվող կոնկրետ գործողությունների, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ գործակալություն ստեղծելու հարցում։ Անկեղծ կարող եմ ասել ձեզ, որ նախորդ տարիներին այս հարցով ՀՀ կառավարության հետ մեր երկխոսությունը չէր ստացվում, փորձում էինք համոզել, որ այս գործակալության ստեղծումը լավագույն լուծումն է։ Եվ այժմ, ի դեմս այս կառավարության, մենք ունենք լավ գործընկեր», -անկեղծացավ Սվիտալսկին։
Հակակոռուպցիոն անկախ գործակալության ստեղծման, դրա աշխատանքի մեթոդների ու այլ մանրամասների համար քննարկումները շարունակվում են, և Սվիտալսկու խոսքով այժմ կարևորն այն է, որ նման գործակալություն ունենալու շուրջ բանակցություններում այժմ վիճաբանություն չկա։
Այդուհանդերձ, ըստ Սվիտալսկու, միանշանակ չէ, որ նախորդ կառավարությունները որևէ բան չեն արել. «Նախորդ կառավարությունում կային մարդիկ, ովքեր շատ ակտիվ էին, սա լրիվ զրոյից մեկնարկ չէ: Եթե Հայաստանին ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի կրիտիկական զանգված ձևավորվեր քաղաքական էլիտայում ու հասարակությունում, մենք ցանկանում ենք տեսնել, որ այդ կրիտիկական զանգվածն արդեն կվերածվի կոնկրետ գործողության»:
Ավելին, նա հույս ունի, որ հաջորդ տարի կոռուպցիայի ընկալման համաթվի առումով Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցում Հայաստանը լավ դիրքեր կապահովի։
Բացի հույսերից, Սվիտալսկին ակնկալիքներ էլ ունի Հայաստանի կառավարությունից։ «Այս կառավարությունը բավական լուրջ է տրամադրված վերացնել շահերի բախումը կառավարական շրջանակներից օրենսդրության միջոցով։ Մենք նախորդ տարիներին այդ մասին շատ ենք խոսել կառավարող շրջանակաների հետ՝ ասելով, որ բիզնեսը և պետական կառավարումը պետք է միմյանցից հեռու լինեն։ Մենք հավատում ենք, որ այս հարցում հայաստանը առաջընթաց կգրանցի։ Մենք միշտ ասել ենք՝ շահերի բախումը շատ վատ բան է», -ասաց Սվիտալսկին։
Ավելին, դիվանագետն իր վրա օրինակ բերեց՝ ասելով, թե երբ եկել է Հայաստան աշխատելու փաստաթուղթ է ստորագրել, որ մեր երկրում շահերի բախման մեջ չի մտնի. «Ես պետք է նշեի, որ Հայաստանում բիզնես չունեմ, առանց նման թղթի չէի կարող աշխատել այստեղ: Սա էլեմենտար պրակտիկա է, որը պետք է կիրառվի պաշտոնյաների դեպքում»։
Նա պատրաստակամություն հայտնեց շարունակել օգնել Հայաստանին, քանզի իր խոսքով, լավատես են, որ Հայաստանում փոփոխություններ կկատարվեն։ Պյոտր Սվիտալսկին նաև զգուշացրեց Հայաստանի կառավարությանը՝ եթե ուզում են տնտեսություն զարգացնել, ներդրումներ ներգրավել, պետք է նախ և առաջ գործուն քայլեր անել կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ.
«Վարչապետն իրավիճակի շատ քննական վերլուծություն է կատարել իր 100-օրյա աշխատանքային զեկույցում: Թե վարչապետին, թե կառավարությանը պարզ է, որ առանց կոռուպցիայի խնդիրը լուծելու, առանց համակարգային փոփոխություններ իրականացնելու՝ արագ տնտեսական աճի, կայուն զարգացման բոլոր հույսերը չեն կարող իրագործվել:
Իրավիճակի ծանրությունը գիտակցում են և քաղաքական գործիչները, և պաշտոնյաները, և քաղաքացիական հասարակությունը: Ես ասում եմ հստակ՝ առանց որևէ լուրջ քայլեր ձեռնարկելու չես կարող օրակարգդ առաջ տանել, ստեղծել ժողովրդավարական պրակտիկա, աշխատող տնտեսություն, գրավել օտարերկրյա ներդրումներ, սոցիալական արդարություն հաստատել երկրում, պայքարել անհավասարության դեմ, որը Հայաստանում գնալով խորանում է»:
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի հարստացման հանցակազմը կօգնի խոշոր ձկներին բռնել գլխից. Կարեն Զադոյան
- Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ չի կարող ունենալ. Կարեն Զադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան