Կոռուպցիոն ռիսկեր պարունակվում են այն ոլորտներում, որտեղ քաղաքացին շփվում է պետական պաշտոնյայի հետ. Քրմոյան
Կոռուպցիոն ռիսկեր պարունակվում են բոլոր այն ոլորտներում, որտեղ քաղաքացին շփվում է պետական պաշտոնյայի հետ, ինչպես նաև խոշոր բիզնեսին, որտեղ քաղաքացիները ծառայություններ են ստանում։ Այդ մասին այսօր «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկի ժամանակ հայտարարեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։
Այդուհանդերձ, ըստ պաշտոնյայի, հակակոռուպցիոն ռազմավարությամբ ընտրվել ու առանձնացվել են չորս ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, հարկային ու ոստիկանության ոլորտ։ «Սա չի նշանակում, որ այս ոլորտները ավելի շատ ռիսկային են, քան մյուս ոլորտները։ Սա նշանակում է, որ այս ոլորտներում քաղաքացիներն ավելի շատ են շփվում պետական կամ համայնքային պաշտոնյաների հետ», -ընդգծեց Քրմոյանը։
Այդուհանդերձ, այս ոլորտների թիրախավորումը, ըստ Քրմոյանի, չի նշանակում, թե պետք է կենտրոնանալ միայն այդ ոլորտների վրա։ Նրա խոսքով, այդ ոլորտներում ծրագրերի իրականացմանը զուգահեռ ավելացվելու են նաև լրացուցիչ այլ ոլորտներ, որտեղ կարող են պարունակվել կոռուպցիոն ռիսկեր։
«Քրեական և վարչական պատասխանատվության խնդիրները մենք հստակ նշել ենք ռազմավարության մեջ», -նշեց Քրմոյանը։