Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանշային աղյուսակները` փետրվարի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Երկրորդ հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանն ընթանում է 7-րդ հորիզոնականում: Նախորդ ամիս հայ գրոսմայստերն 9-րդն էր:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսիսյանը գտնվում է 62-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը` 67-րդ և Գաբրիել Սարգսյանը` 86-րդ:
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը: Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը: Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը գտնվում է 31-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 39-րդ:
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին, Դուդա Յան-Քշիշտոֆը գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ջեֆֆրի Սյունը`3-րդ: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը 27-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 29-րդը, Տիգրան Հարությունյանը` 36-րդը:
Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը: Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը, իսկ Շահրիյար Մամեդյարովը եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանն այս ցուցանիշով 8-րդն է: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Տիգրան Լ. Պետրոսյանը գտնվում է 34-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը` 43-րդ, Վլադիմիր Հակոբյանը` 54-րդ, Սերգեյ Մովսիսյանը`57-րդ, Գաբրիել Սարգսյանը` 75-րդ:
Կայծակնային շախմատի վարկանշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը, կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Սերգեյ Կարյակինը 2-րդ հորիզոնականում է, իսկ Դին Լիժենը եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը գտնվում է 24-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը` 26-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը` 40-րդ, Հրանտ Մելքումյանը`55-րդ և Վլադիմիր Հակոբյանը` 93-րդ: