ԱՄՆ դեսպանը համամիտ է նախագահ Սարգսյանի հետ
Հայաստանում 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի հետ կապված դեսպանատունը խորապես մտահոգ էր ընտրակեղծիքների մասին անկախ դիտորդների, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության արժանահավատ հաղորդումներով: Այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատում ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա հիշեցրեց, որ հանրաքվեից հետո հանդես էին եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը թափանցիկ քննություն ապահովել բոլոր այն գործերով, որտեղ առկա են կեղծումների մասին արժանահավատ ապացույցներ և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին:
«Սահմանադրական հանրաքվեից հետո ես ողջունեցի ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի հրապարակային հանձնառությունը: Ես համամիտ եմ նախագահ Սարգսյանի այն բնութագրման հետ, որ Հայաստանի վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով և հույժ կարևոր է, որ դրանք լինեն ազատ, արդարացի, հասարակությունը վստահություն ունենա արդյունքների վերաբերյալ: Վստահության արժանի ընտրություններ անցկացնելու համար Հայաստանի կառավարության հրապարակավ ստանձնած հանձնառությունը կյանքի կոչելու հարցում օգնելու համար ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել քվեարկության նոր գործընթացների և սարքավորումների ապահովման համար, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի կառավարության, քաղաքական ընդդիմոըւթյան և քաղաքացիական հասարակության միջև, ընդ որում՝ սա աննախադեպ համաձայնություն էր, որտեղ բոլոր կողմերը զիջումների էին գնացել: Այս միջոցների շնորհիվ հնարավոր կդառնան ընտրողների նույնականացումը, քվեարկության օրը և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը»,- ասաց դեսպանը:
Միաժամանակ Ռ. Միլսը նշեց, որ հավելյալ միջոցներն ինքնին ազատ և արդարացի ընտրությունների երաշխիք չեն. «Դրանք կարող են գործընթացը դարձնել առավել թափանցիկ, առավել դժվարացնել կեղծիքներ թույլ տալը, սակայն ընտրություններն իրապես ազատ և արդարացի կլինեն, երբ կառավարությունը դրսևորի քաղաքական կամք՝ անցկացնելու նման ընտրություններ և երբ քաղաքական ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը հանդես գան երաշխավորելու այդ գործընթացը: Դրա բեռը կառավարության ու դրա բաղադրիչ հանդիսացող կառույցների՝ ԿԸՀ, իրավապահ և դատական կառույցների ուսերին է, որպեսզի ձեռնարկեն համապատասխան միջոցներ և նպաստեն այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որտեղ մարդիկ կարող են քվեախցիկում ազատ արտահայտեն իրենց կամքը»:
Դեսպանը նշեց, որ ազատ և արդարացի ընտրությունների կայացման համար կառավարությունը նաև պետք է ձևավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն ազատ են, անկախ ու առանց սահմանափակումների:
«Վերջերս մենք լսում ենք լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության վրա ճնշումները մեծացնելու մասին ակնարկներ, որոնք, կարծես թե միտված են ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակմանը և գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում քննադատական դիրքորոշումները մեղմելուն: Եթե այդպես է, ապա շատ մեծ անհանգստության տեղիք է տալիս և կարող է առավել խաթարել մամուլի ազատության մասով Հայաստանի ցուցանիշը, որը գնահատվում է միջազգային կազմակերպությունների կողմից: Մենք լսել ենք կառավարության խոստումն ազատ և արդարացի ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության խոստումը գործընթացում կառուցողական դեր խաղալու վերաբերյալ, և սա այն է, ինչին մենք համակ ուշադրությամբ կհետևենք առաջիկա մի քանի ամիսներին»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպան. Մենք Միացյալ Նահանգների կառավարությունն ենք ներկայացնում, Ջեյմս Բոնդի ֆիլմից չենք
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնավարման չորս գերակայությունները
- ԱՄՆ կառավարությունը շարունակում է ԼՂ խաղաղ կարգավորումը դիտարկել առաջնահերթ և մեծ կարևորության հարց. Դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան