Մոսկվա-Երևան չվերթի խուսափված վթարի մասին լուրին արձագանքել են ՔԱԳՎ-ից
Այսօր առավոտյան Երևան-Մոսկվա չվերթն իրականացնել պատրաստվող «Յուտէյր» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» օդանավի օդաչուին հաջողվել է խուսափել ավիավթարից:
«Ռուսարմինֆո»-ի հաղորդմամբ, թռիչքին նախապատրաստվելիս օդաչուն հայտարարել է օդանավում առկա կրիտիկական վիճակի մասին: Թռիչքը հետաձգվել է, քանի օր օդանավի հետևի հատվածի փականները կոտրված են եղել:
Ուղևորներին այլ ինքնաթիռ է հատկացվել, Շերեմետևո օդանավակայանի տեխնիկական ծառայությունը ստուգումներ է անցկացնում ինքնաթիռում:
ՔԱԳՎ-ից այդ լուրի վերաբերյալ հայտնեցին հետևյալը. «Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե այսօր՝ փետրվարի 1-ին, «UTair» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը՝ ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով, չի համպատասխանում իրականությանը:
«UTair» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ փետրվարի 1-ին «UTair» ավիաընկերության UT 837 համարի ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթը ժամը 11.10-ի փոխարեն իրականացրել է 11.36-ին և Երևան է հասել 13.58-ին՝ 14.00-ի փոխարեն: Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ»: