ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն և ՄԱԿ-ում ԱՄՆ նոր դեսպանը խոսել են Հայաստանի և Արցախի մասին
Ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Էդ Մարքին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնին և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հալեյին նրանց պաշտոնի հաստատման հարցով լսումների ժամանակ։ Այս մասին փոխանցում է asbarez.com-ը:
Թեկնածության հաստատման դեպքում Ռեքս Թիլերսոնը խոստացել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար, ինչը թույլ կտա, որ տարածաշրջանում կայունություն և բարգավաճում լինի։
«Եթե հաստատվեմ պաշտոնում, ես կաշխատեմ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար։ Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության կառուցումը՝ երաշխավորելով, որ պետք է հարգվեն կողմերի միջև բոլոր համաձայնագրերը»,- հայտարարել է Թիլերսոնը՝ պատասխանելով Մարքիի հարցին։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»։
«1915 թվականի ողբերգական վայրագությունները ցավոտ հարց են մնում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, և երկու երկրների միջև խաղաղ և կայուն հարաբերությունների ապահովումը բխում է ԱՄՆ-ի շահերից։ Իմ թեկնածության հաստատման դեպքում ես կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանային կայունության»,-Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին Թիլերսոնը պատասխանել է:
«Ես երբեք չեմ խուսափի դատապարտել այլ երկրներին ԱՄՆ-ի արժեքներին հակասող և մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը խախտող գործողությունների համար»,-իր հերթին ասել է Հալեյը։
«ԱՄՆ-ի առաջնորդությունը և տարածաշրջանում ԱՄՆ-ի մասնակցության ակտիվացումը կօգնեն կառուցել անհրաժեշտ վստահություն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու համար»,-Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերաբերյալ Մարքիի հարցին Թիլերսոնը պատասխանել է:
Թիլերսոնը նաև անդրադարձել է Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում հայկական համայնքի պաշտպանությանը։ Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-Հայաստան առևտրային կապերին և Սիրիայից փախստականների ներհոսքի պատճառով Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին։
Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է Թիլերսոնի թեկնածությունը հունվարի 23-ին՝ ճանապարհ հարթելով Սենատի կողմից հաստատման համար, իսկ Հալեյի թեկնածությունը հաստատվել է Սենատի կողմից հունվարի 24-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան