Թե Հայաստանի, թե Իրանի շահերը տարածաշրջանում այս պահին համադրելի են. իրանագետ
«Վերջին անգամ Պաշտպանության նախարարի մակարդակով պաշտոնական այց Իրանի իսլամական հանրապետություն տեղի էր ունեցել 7 տարի առաջ: Այս 7 տարիների ընթացքում տարածաշրջանում տեղի են ունեցել որոշակի աշխարհաքաղաքական զարգացումեր ու փոփոխություններ ռազմական ոլորտում: Այս այցելության ընթացքում տեղի ունեցած քննարկումները ենթադրում են, որ եղել են ավելի առարկայական»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանն՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած այցին:
Նրա խոսքով՝ թե Հայաստանի, թե Իրանի շահերը համադրելի են այս պահին տարածաշրջանում, կապված պայքարի ընդհանուր օբյեկտի գոյության հետ, վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի տարածքից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը օգտագործվել են թե Հայաստանի, թե Իրանի դեմ։
Իրանագետը հեռանկարներից նշեց ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Նրա կարծիքով, երկու երկրների գիտահետազոտական պոտենցիալը թույլ է տալիս ենթադրել դա։
Ինչ վերաբերում է Իրանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներին՝ Արտյոմ Տոնոյանի խոսքով, դրանք շատ լուրջ են և պատմական խորքեր ունեն. «Առկա խնդիրներից մեկը Ադրբեջանի սերտ համագործակցությունն է Իսրայելի հետ։ Ադրբեջանը հեղեղված է իսրայելական զենքով։ Չկան երաշխիքներ, որ Ադրբեջանում ղարաբաղյան համակարտության պատրվակով հայտնված իսրայելական զենքը չի կարող մի օր օգտագործվել Իրանի դեմ»։
Իրանագետը հավելեց, որ իրանական լրատվամիջոցների կողմից շատ դրական է լուսաբանվել Վիգեն Սարգսյանի այցը. «Անընդհատ շեշտվում է այն հանգամանքը, որ Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի և Իրանի միջև կառուցվել են բարեկամական հարաբերություններ և դրանք զարգանում են շատ դինամիկ»։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը
- ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան