Նախարարի պաշտոնում ես ակտիվորեն համագործակցել եմ քաղհասարակության ներկայացուցիչների հետ. Սեյրան Օհանյան
«Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և ութ ու կես տարի ես վարել եմ այն ոչ թե որպես զինվորական, այլ որպես քաղաքացիական անձ»։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
Բանակի սպառազինության, դրա զարգացման, կադրային քաղաքականության, զինվորականների ու այլ հարցերը, նրա խոսքով, իր մտահոգության առարկան են եղել։
Նա ասել է, որ իրեն մտահոգում է երկրում ստեղծված վիճակը ու լուծման տարբերակներ առաջարկել։
«Պետք է գիտակցել պահի լրջությունը և ներքին ճակատները միավորելով, համախմբված ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զարգացումը», -հայտարարել է Օհանյանը։
Նա ասել է, որ պատրաստ է լսել բոլորին, պատասխանել բոլորին հետաքրքրող հարցերին։ Նախկին պաշտոնյան նկատել է, որ կա մարդկային ռեսուրս Հայաստանում, որի միջոցով հնարավոր է «ոչ ստանդարտ լուծումներով իրականացնել Հայաստանի համար անհրաժեշտ բարեփոխումներ»։
Օհանյանի խոսքով, պետք է հնարավորություն տալ, որպեսզի անձինք արտահայտեն իրենց կարծիքը, չխոչընդոտել նրանց։
«Պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու տարիներին որքան թույլ է տվել օրենքը և պետական գաղտնիքի գործոնը, ես ակտիվորեն համագործակցել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ արժևորելով նրանց դերը, դիտարկումները բանակին սատարելու պատրաստակամությունը։ Շատ դեպքերում նրանք են մեզ ուղղորդել», -հայտարարել է Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին