ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նախորդ տարվա հուլիսյան դեպքերի մասին
«Դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը»,- այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատում ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` խոսելով անցած տարվա հուլիսի Էրեբունու դեպքերի մասին:
Նա նշեց, որ, այնուհանդերձ, իրենց համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները. «Այդ ժամանակ մենք մեր մտահոգությունները ներկայացրեցինք՝ նշելով, որ նման գործողությունները խախտում են մամուլի ազատության ու Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքները: Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել և կարևոր է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մտահոգիչ համարեց նաև մեկ այլ խնդիր, որն առավել շեշտադրվեց Էրեբունու դեպքերի համատեքստում. «Դա նախնական կալանքի օգտագործումն է կառավարության կողմից: Նախնական կալանքն օգտագործվում է աշխարհի շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի իրավական համակարգում, սակայն դա պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, երբ սպառված են բոլոր այլընտրանքային միջոցները, որոնք կարող են ապահովել, որ կասկածյալը փախուստի չդիմի և չմիջամտի քննության ընթացքին: Այն երբեք չպիտի գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք, իսկ երբ դատարանը սահմանում է նախնական կալանք, պետք է լիովին թափանցիկ ու իրավականորեն հիմնավորված պատճառներ լինեն: Անկեղծ ասած, Էրեբունու ու քաղաքական տեսանկյունից զգայուն գործերի հետ կապված, մեզ մտագոհում է նախնական կալանքի կիրառումը ցույցերին մասնակցություն ունեցած և զինված խմբին ոչ-ուժային աջակցություն ցույց տալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, ովքեր առնչություն չեն ունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ: Ուզում եմ հստակեցնել, որ այս գործերին ես անդրադարձ կատարելով նպատակ չունեմ որևէ դատողություն անել նրանց մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ, այլ ուզում եմ սոսկ շեշտադրել, որ նախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա: Եվ բեռը կրկին պատկան մարմինների ուսերին է, որպեսզի հիմքերն ակնառու լինենկամ էլ հնարավորինս շուտ ապահովվի բաց դատաքննություն»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանը համամիտ է նախագահ Սարգսյանի հետ
- ԱՄՆ դեսպան. Մենք Միացյալ Նահանգների կառավարությունն ենք ներկայացնում, Ջեյմս Բոնդի ֆիլմից չենք
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնավարման չորս գերակայությունները
- ԱՄՆ կառավարությունը շարունակում է ԼՂ խաղաղ կարգավորումը դիտարկել առաջնահերթ և մեծ կարևորության հարց. Դեսպան
- ՊՊԾ շենքը զավթելու և պահելու գործով նշանակվել է 87 փորձաքննություն
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Ոստիկանությունը զգուշացնում է՝ իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան