Լուիս Էնրիկե. «Մտածում եմ առողջությանս մասին և չեմ խառնվում Մեսսիի հարցերին»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ընդգծել է, որ նախընտրում է չխառնվել ակումբի և ֆուտբոլիստների միջև կնքվող պայմանագրերի գործընթացին և Լիոնել Մեսսին այդ առումով բացառություն չէ, ում հետ այդպես էլ չի հաջողվում երկարաձգել համաձայնագրի ժամկետը: Այս մասին տեղեկացնում է marca.com-ը:
«Մտածում եմ առողջությանս մասին և չեմ խառնվում Մեսսիի պայմանագրի երկարաձգման գործընթացին: Նախընտրում եմ այդպես անել նաև մյուս ֆուտբոլիստների պարագայում: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ այդ մասին և շարունակում եմ նույն կերպ վարվել»,- նշել է Էնրիկեն:
Հավելենք, որ ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն քննարկել արգենտինացի ֆուտբոլիստի ապագան, իսկ օրերս էլ Լեոյի հայրը կրակի վրա յուղ էր լցրել հայտարարելով, որ ոչ մի դժբախտություն չի պատահի, եթե իր որդին հեռանա կատալոնյան թիմից: Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թ. ամառ: