Հավի շաուրմայից թունավորվածներից վեցը դեռ բուժում են ստանում Սպիտակի ԲԿ-ում
Հավի մսից պատրաստված շաուրմայից թունավորվածներից վեցը շարունակում են բուժում ստանալ Սպիտակի բժշկական կենտրոնում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԲԿ տնօրեն Արսեն Մկրտչյանը:
«Բոլորի վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց նա:
Եթե օրվա ընթացքում հիվանդների մոտ դրական դինամիկա լինի, Ա. Մկրտչյանը չբացառեց, որ դուրսգրումներ կլինեն: Երեկ հիվանդանոցից առողջացումով դուրս է գրվել երկու տուժած: Շտապ օգնության ծառայության միջոցով բժշկական կենտրոն թունավորման նշաներով՝ շոկային վիճակով, սրտխառնոցով, փսխումով տեղափոխվել էր 12 մարդ:
«Նրանց բոլորի վիճակը ծանր էր կամ միջին ծանրության»,-ասաց ԲԿ տնօրենը:
Տուժածները Լեռնանց գյուղում ապրող մի քանի ընտանիքների անդամներ են: Նրանց թվում եղել է երեկու երեխա: Ծանր վիճակով նրանց մայրիկի հետ տեղափոխվել են Վանաձորի ԲԿ:
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոն և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել տարածաշրջանի 12 բնակիչ` «սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ։ հիվանդները կերել են Լոռու մարզի հանրային սննդի միևնույն կազմակերպության պատրաստված հավի մսով շաուրմա: Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաև սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:
Լեռնանցքի բնակիչները շարուման գնել էին «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» սննդի օբյեկտից: ՍԱՊԾ-ից երեկ հայտնեցին, որ տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է: