Գագիկ Սարգսյան. «Որևէ մրցաշարի ինքնանպատակ չպետք է մասնակցենք»
Հայաստանի դահուկային ֆեդերացիայի համար 2017 թ. հագեցած կլինի: Արդեն կազմակերպվել են միջոցառումներ, սակայն սա դեռ սկիզբն է: Եղանակային պայմանները բարենպաստ են, այս տարի ձյունառատ է, ինչը նպաստում է միջոցառումների անցկացմանը նաև Երևանում: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի դահուկային ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը` խոսելով տարվա կտրվածքով սպասվող իրադարձությունների, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին:
«Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում կայացավ դահուկավազքի Հայաստանի հերթական առաջնությունը, որն ընդգրկված էր միջազգային ֆեդերացիայի օրացույցում և մարզիկները վաստակեցին վարկանշային միավորներ: Մեզ ուրախացրեցին մեր տղաները, հատկապես 2-րդ և 3-րդ համարները` Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը: Բնական է, Սերգեյ Միքայելյանի մասին չենք խոսում, քանի որ նա մրցակցությունից դուրս է և մոտակա մի քանի տարիների ընթացքում այդպես էլ կլինի: Տղաները կարողացան բավականաչափ վարկանշային միավորներ ձեռք բերել, իսկ դա նպաստելու է Կորեայում 2018 թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի համար քվոտա վաստակելուն»,- ասաց փոխնախագահը:
Գագիկ Սարգսյանն առաջնությունում առավել աչքի ընկած աղջիկ մասնակիցներից առանձնացրեց Գյումրիի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանին ու Աննա Մխիթարյանին, ինչպես նաև Աննա Ռշոյանին և Մարի Միքայելյանին` Աշոցքից: Ընդհանուր առմամբ` փոխնախագահն առաջնությունը դրական գնահատեց և ընդգծեց, որ տարեցտարի թե արդյունքների, թե կազմակերպչական առումով առաջընթաց կա: Հիմա արդեն կփորձեն միջազգային ավելի բարձր կարգի մրցումներ անցկացնել Հայաստանում:
Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզաձևի զարգացման և մասսայականացման համար Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ համատեղ մշակվել է նոր` եռամյա ծրագիր, որը հատկապես երեխաների շրջանում կմեծացնի սերը ձմեռային մարզաձևերի նկատմամբ:
«Հաստատության ռեկտոր Վահրամ Առաքելյանը հանդես եկավ նախաձեռնությամբ, բավականաչափ մեծամասշտաբ ծրագիր է, որը կարևոր է սպորտի զարգացման և մասսայականացման գործում: Առաջինը սկսեցինք ձմեռային մարզաձևերից: Աշոցքում ծրագիր ենք մշակել, որը կոչվում է «Բերել երեխաներին դեպի ձյուն»: Ընտրեցինք Աշոցքը, քանի որ այն մեր ավանդական դահուկավազքի կենտրոններից է և այլկերպ անվանում ենք «Հայաստանյան Ֆինլանդիա»: Հունվարի 9-ին Աշոցքում նշեցինք համաշխարհային ձյան օրը: Հարյուրավոր երեխաներ` 1-13 տարեկան, մասնակցեցին միջոցառմանը, որը վերածվեց տոնի: Այն խանդավառությունը, որ կար, մեզ ստիպում է շարունակություն տալ գործընթացին: Կմարզենք երեխաներին ամենափոքր տարիքից և կհասցնենք մինչև բարձր նվաճումներ»,- ասաց Սարգսյանը:
Հայաստանի դահուկային ֆեդերացիայի փոխնախագահը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, շեշտեց, որ այս տարի երկու մարզաձևերում` լեռնադահուկային սպորտում և դահուկավազքում, կկայանան աշխարհի առաջնություններ: Հույս կա, որ մեր մարզիկները կկարողանան բարելավվել իրենց ցուցանիշները:
«Ստուգատեսերին կմասնակցենք ոչ մեծ քանակի մարզիկներով: Կմեկնեն նրանք, ովքեր ի զորու են ցույց տալ արդյունքներ և կկարողանան բարելավվել դրանք: Որգեդրել ենք մեկ սկզբունք, որ որևէ միջոցառման ինքնանպատակ չպետք է մասնակցենք`անկախ թե ինչ ձևաչափի և մակարդակի է այն: Հույս ունենք և վստահ ենք, որ առաջընթաց ենք գրանցելու»,- նշեց Գագիկ Սարգսյանը:
Լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը կկայանա փետրվարի 7-ից 18-ը` Շվեյցարիայում: Մասնակցելու են 2 մարզիկ: Դահուկավազքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 5 մարզիկով` 3 տղա և 2 աղջիկ: Այն կկայանա փետրվարի 2-ից մարտի 5-ը` Ֆինլանդիայում: Կլինեն նաև տեղական միջոցառումներ, ինչպես նաև Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ, երջանկահիշատակ Արմեն Երիցյանի անվան հուշամրցաշար կկազմակերպվի Ծաղկաձորում, որը կանցկացվի փետրվարի 25-ին և 26-ին:
Գագիկ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարի 27-ից մարտի 3-ը տեղի կունենա Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունը, որը վերջապես հաջողվել է գրանցել միջազգային ֆեդերացիայի օրացույցում, իսկ դա նշանակում է, որ մեր լեռնադահուկորդները նույնպես կվաստակեն վարկանշային միավորներ և իրավունք կստանան մասնակցելու Օլիմպիական խաղերին: