Մոուրինյո. «Մխիթարյանը հիանալի է հանդես գալիս և այսօր կլինի մեկնարկային կազմում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսապաշտպաններ Անտոնի Մարսիալի և Հենրիխ Մխիթարյանի մասին` նշելով, որ եթե Մարսիալից որոշակի առումով դժգոհ է, նույնը չի կարող ասել հայ ֆուտբոլիստի մասին, ով շարունակում է հիանալի խաղ ցուցադրել: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Մարսիալը վաստակել է իր տեղը պահեստայինների նստարանին: Նա պետք է իրեն ավելի լավ դրսևորի և լավ խաղա նրանցից, ովքեր հավակնում են նույն դիրքում մեկնարկային կազմում հանդես գալուն: Մեր ակումբում այս դիրքում տարբերակներ շատ ունենք:
Ուզում եք, որ Մխիթարյանին թողնեմ պահեստայինների նստարանին այն բանից հետո, երբ նա դարձավ գավաթի խաղարկության «Ուիգանի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլի՞ստ և այն էլ այսպիսի խաղից հետո՞, որը նա ցուցադրում է: Ես չեմ կարող դա անել:
Փորձում եմ արդար լինել իմ ֆուտբոլիստների հետ: Մխիթարյանը հիանալի է հանդես գալիս և «Հալ Սիթիի» հետ այսօր կայանալիք խաղում նա կլինի մեկնարկային կազմում: Ամեն ինչ պարզ է»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում այսօր կեսգիշերին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Հալ Սիթիին»: 22-րդ տուրից հետո մանկունյանցիները վաստակած 41 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում են: «Հալ Սիթին» եզրափակում է մրցաշարային աղյուսակը: