«Ծառուկյան» դաշինքում հարգանքով են վերաբերվում իրենց նախկին գործընկերոջ որոշմանը
Ազգայն ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցով է դարձել պատգամավոր, այս ընտրություններում կընդգրկվի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում։
«Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, ես ընդունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվեմ ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ:
Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կարողանաս ծառայեցնել մարզին ու քաղաքին», -հայտարարել է պատգամավորը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանի խոսքով, ցանկացած անձ ինքն է որոշում իր քաղաքական ուղեգիծն ու իր պատասխանատվությունը ընտրողների առաջ։
«Մենք մեր բոլոր նախկին և ներկա գործընկերներին վերաբերվել ու վերաբերվում ենք հարգանքով։ Յուրաքանչյուր ոք մեր երկրում անհրաժեշտ բարեփոխումները պատկերացնում է յուրովի։ Մեր գործընկեր Մարտուն Գրիգորյանը վստահ է, որ մեր երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները, պայքարը կոռուպցիայի դեմ եւ այլն, ինքը կարող է իրականացնել Հանրապետական կուսակցության հետ միասին, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում իր այդ որոշմանը», -նշում է ԲՀԿ խոսնակը։
Մարտուն Գրիգորյանը անդրադարձել էր նաև «Ծառուկյան» դաշինքի ցուցակով Շիրակի մարզում առաջադրվող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թեկնածությունն առաջադրելուն։
««Ծառուկյան» դաշինքը, նման առաջադրում անելով, ցույց է տալիս մեզ և գյումրեցիներին, որ նախկին տարիների պայքարն անտեղի, անարժեք մի բան է եղել, որ հանուն քաղաքական մանր շահերի կարելի է գնալ գյումրեցիներիս համար անհասկանալի քայլերի:
Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով Բարգավաճը և ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա», -հայտարարել է Մարտուն Գրիգորյանը։
Վանիկ Էլիզբարյանի խոսքով, «Ծառուկյան» դաշինքի որոշելիքն է, թե որ կուսակցություններն ու անհատ գործիչները կլինեն իրենց ցուցակում։ «Այլոց զգայական գնահատականները բացարձակապես տեղին չեն։ Քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը լինելու է մեր աշխատաոճը, ինչի կոչը անում ենք նաեւ մեր բոլոր նախկին և ներկա գործընկերներին», -նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան