Արտեմ Ասատրյան. Պետք է փաստենք, որ դեռևս չլուծված է կենսաթոշակային ստաժների ճշգրտման և հաշվառման խնդիրը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հանդիպել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի 51 տարածքային բաժինների պետերի հետ:
Խոսելով վերջին տարիների ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքների, լրջագույն փոփոխությունների և ձեռքբերումներ մասին՝ նախարարը նշել է, որ չնայած կենսաթոշակային ոլորտի բազմաթիվ խնդիրներ լուծված են, սակայն անելիքները ևս դեռ շատ են:
«Պետք է փաստենք, որ դեռևս չլուծված է կենսաթոշակային ստաժների ճշգրտման և հաշվառման խնդիրը: Այս տարվա մեր հիմնական աշխատանքներնն ուղղված են լինելու հենց այդ խնդրի լուծմանը: Որոշակի ժամանակահատվածի համար տեղեկատվական շտեմարանների բացակայությունը այսօր մեծ ռիսկեր են առաջացրել, որի հաղթահարման միակ միջոցը համակարգային լուծումներով առաջնորդվելն է»,-ասել է նախարարը:
«Ժամանակը սեղմ է, պետք է օր առաջ ամբողջական լուծում տրվի այս հարցին»,-ընդգծել է նախարարը՝ լուծման գործում կարևորելով Ծառայության տարածքային բաժինների աշխատակիցների անմնացորդ նվիրումը:
Անդրադառնալով քաղաքացիների հետ շփմանը՝ նախարարը խստագույնս հորդորել է ճիշտ վերաբերմունք և մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու խնդրի նկատմամբ:
«Քաղաքացիների հետ աշխատանքում, նրանց հետ շփումներում ձեր ցանկացած բացթողում և թերացում քննարկման առարկա չի դառնալու, այլ կայացվելու են համապատասխան որոշումներ»,-շեշտել է նախարարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նախարարը մեկ անգամ ևս արդրադարձել է այն հանագամանքին, որ անձնական, ֆինանսական պատասխանատվություն են կրելու այն պաշտոնատար անձինք, ովքեր անհիմն տեղեկատվության հիման վրա կնշանակեն կենսաթոշակներ կամ այլ դրամական վճարումներ:
Այնուհետև քննարկվել են Ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակման համակարգի հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածքային բաժինների ներկայացուցիչների կողմից բարձրացված այլ խնդիրներ:
Նախարարությունից հիշեցնում են, որ արդեն մեկնարկել են աշխատանքային ստաժների գույքագրման աշխատանքները, որի արդյունքում նախատեսվում է «Էլ. Կենսաթոշակ» համակարգում թվային տեղեկատվության տեսքով հաշվառել քաղաքացիների աշխատանքային ստաժները:
Համակարգը հնարավորություն կտա խուսափել կեղծարարությունից և բացառել կեղծ ստաժների տեղեկատվության հիման վրա կենսաթոշակների նշանակման դեպքերը: Ի լրումն վերոգրյալի` ստաժների գույքագրման աշխատանքները նախատեսվում է ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացումից հետո: Այդ աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել ոլորտին հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը և հասցեականությունը` էական խնայողություն ապահովելով պետական բյուջեյում:
Մինչ նախարարի հետ հանդիպումը սկսվելը տարածքային բաժնի պետերը մասնակցել են ՀՀ սոցիալական ապահովության ծառայության ղեկավար կազմի կողմից նախաձեռնած դասընթացին, որը վերաբերել է Նախարարի և Ծառայության պետի հրամաններին՝ ուղղված կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Գալստյան. Առաջին փուլում կթվայնացվեն խոշոր գործատուների աշխատակիցների աշխատանքային գրքույկները
- Աշխատանքային գրքույկների թվայնացումը սկսվելու է ապրիլից
- Արտեմ Ասատրյան. Յուրաքանչյուրն ունենալու է անձնական պատասխանատվության դաշտ
- Աշխատանքային գրքույկները կհանվեն կիրառությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին