Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը նախորդ տարի, ընդհանուր առմամբ, վճարել է 42 մլրդ 381 մլն 154,1 հազ. դրամի հարկ (2015թ-ին՝ 42 մլրդ 649 մլն 961 հազ. դրամի հարկ):
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Գրանդ տոբակո հայ կանադական ՀՁ» ընկերությունը, որը նախորդ տարի պետական բյուջե է վճարել 22 մլրդ 571 մլն դրամ, ինչը 2015թ-ի համեմատ մոտ 65 տոկոսվ ավելի է: Նշենք, որ 2015 թ-ին ընկերությունը վճարել է 13 մլրդ 699 մլն 722 հազ. դրամի հարկ:
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաշվետու տարում վճարել է 17 մլրդ 264 մլն 389.4 հազար դրամի հարկ՝ 2015թ-ի 16,4 մլրդ դրամի դիմաց:
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը նախորդ տարի պետական բյուջե է վճարել 15 մլրդ 526 մլն 369.3 հազ. դրամի հարկեր և տուրքեր` հայտնվելով խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում:
Առաջին հնգյակը եզրափակում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Վերջինս 2016թ-ին պետական բյուջե է վճարել 14 մլրդ 864 մլն 746.6 հազ. դրամի հարկեր:
2016 թվականին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունը, որը հաշվետու տարում վճարել է 13 մլրդ 790 մլն 645.4 հազար դրամի հարկեր և տուրքեր, «Թեղուտ»-ը՝ վճարելով 13 մլրդ 357 մլն 405.1 հազար դրամ, «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ)՝ վճարելով 12 մլրդ 813 մլն 282.6 հազար դրամ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն («Արմենտել»)՝ 12 մլրդ 429 մլն 507.2 հազ. դրամ:
Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը եզրափակում է «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարելով 10 մլրդ 906 մլն 731.8 հազար դրամի հարկ: