«Բայերի» անպատասխանատու թուրք ֆուտբոլիստը որակազրկվել է
ՖԻՖԱ-ն և CAS-ը մեղավոր են ճանաչել թուրք ֆուտբոլիստ Հաքան Չալխանօղլուին` պայմանագրային պարտականությունները չկատարելու համար և նրան որակազրկել են 4 ամսով, իսկ դա նշանակում է, որ մինչև մրցաշրջանի ավարտը նա չի կարողանա օգնել իր թիմին` գերմանական «Բայերին»: 22-ամյա ֆուտբոլիստը նաև կվճարի տուգանք` 100,000 եվրո գումարի չափով:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, պատմությունը սկիզբ է առել դեռևս 2011 թ.: Չալխանօղլուն, ով այդ ժամանակ հանդես էր գալիս «Կարլսրուե» թիմում, պայմանագիր է կնքել թուրքական «Տրաբզոնսպորի» հետ, հետո մտափոխվել ու երկարաձգել «Կարլսրուեի» հետ գործող համաձայնագրի ժամկետը: Սա դեռ քիչ էր, հետո էլ տեղափոխվել է «Համբուրգ», որտեղից էլ «Բայեր»: Բայց, ինչպես երևում է, նա տեղյակ չի եղել, որ խախտել է ֆուտբոլային օրենքները: Մի փոքր ուշացումով, բայց պատիժը վրա է հասել: