Քաղցկեղով հիվանդների թիվը նվազեցնելու համար, պետք է առաջին հերթին այն կանխարգելել. մասնագետներ
«Քաղցկեղով հիվանդների թիվը նվազեցնելու համար, պետք է առաջին հերթին այն կանխարգելենք, այսինքն՝ մարդիկ պետք է վաղ հետազոտվեն»,- այս մասին այսօր «Քաղցկեղի տարածվածությունը Հայաստանում. բուժման և կանխարգելման միջոցները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը:
Նրա խոսքերով՝ ժամանակին բժշկին դիմելու դեպքում հնարավոր կլինի որակյալ բուժում իրականացնել:
Դավիթ Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում կանանց մոտ առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը, երկրորդ տեղում՝ արգանդի վզիկի քաղցկեղը, իսկ զարգացած երկրներում արգանդի վզիկի քաղցկեղը տասնյակի մեջ անգամ չի մտնում, ինչը պայմանավորված է վաղ հետազոտմամբ:
Մասնագետը կարևորում է հատկապես պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները, քանի որ այդ վիրուսը կարող է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։
«Դեռահաս տարիքում պատվաստելու դեպքում հնարավոր կլինի արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը նվազեցնել: Բացի այդ, 40 տարեկանից հետո կանայք պարտադիր պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ 35 տարեկանից հետո կինը պարտավոր է պրոֆիլակտիկ տարին մեկ անգամ դիմել կրծքի հետազոտության: Դրանով հնարավոր կլինի կանխարգելել հիվանդությունը»,- ասաց Դավիթ Զոհրաբյանը:
Քիմիաթերապիայի կլինիկայի հոգեսոցիալական ծրագրի հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի տնօրեն Եվա Ասրիբաբայանն էլ նշեց, որ ուռուցքային հիվանդությունը սթրես է մարդու համար:
«Մեր հասարակության մեջ գոյություն ունեն ուռուցքային հիվանդություններին և նրա հեռանկարներին վերաբերող որոշակի կարծրատիպեր: Մարդիկ քաղցկեղն առաջին հերթին ասոցացնում են մահվան հետ և շատ դեպքերում խուսափում են հետազոտվելուց՝ մտածելով, որ հիվանդության համար ելք չկա: Մինչդեռ, պետք է գիտակցել, որ վաղ ախտորոշումը նման հիվանդությունների դեպքում առաջնային դեր ունի` առաջին հերթին բուժման հարցում: Ցանկանում ենք մարդկանց մեջ փոխել այս կարծրատիպը»,- ասաց հոգեբանը:
Նա նաև նշեց, որ շատ կարևոր է հիվանդի հետ հոգեբանների աշխատանքը. «Մենք փորձում ենք մեր մասնագիտությամբ օգնել հիվանդներին, որպեսզի պայքարեն և հաղթեն այդ հիվանդությանը»:
Cancer.am կայքի խմբագիր Գալինա Ստեփանյանն էլ հայտնեց, որ Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից ստեղծվել է cancer.am կայքը, որի նպատակն է քաղցկեղով հիվանդներին ամբողջական տեղեկատվություն տրամադրել հիվանդության մասին: Բացի այդ, տեղեկատվության կա կլինիկաների, բժիշկների մասին, ինչպես նաև հարցազրույցներ այն հիվանդների հետ, որոնք հաղթահարել են քաղցկեղը:
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարի կեսին Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ոսկրածուծի փոխպատվաստում
- Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 8300-8400 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին