Փորձելու ենք Կրթության ազգային ինստիտուտում ստեղծել դասագրքաստեղծ կենտրոն. Նախարար
Այսօր Հայաստանի գրողների միությունում քննարկում էր կազմակերպվել «Գրականության» և «Մայրենի լեզվի» դասագրքերի հրատարակմանն առնչվող հարցերի հետ կապված։
«Դասագիրք գրելը մշակույթ է, արվեստ է և այստեղ մեծ աջակություն կարող է ցուցաբերել Գրողների միությունը»,-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նախարարը հիշեցրեց, որ Խորհրդային միությունում էլ Հայաստանը չի ունեցել դասագրքաստեղծ մշակույթ, հիմնականում Մոսկվայի համապատասխան ինստիտուտների թարգմանություններն են եղել և այսօր կարիք կա համապատասխան կառույց ստեղծելու. « Կառավարության վերջին նիստում վարչապետի հանձնարարականը համընկավ մեր այս նախաձեռնության հետ, որով փորձելու ենք Կրթության ազգային ինստիտուտում ստեղծել դասագրքաստեղծ կենտրոն, որտեղ կընդգրկվեն ինչպես ԳՄ անդամներ, մանկագիրներ, այնպես էլ ուսուցիչներ։ Կարող է հասնենք նաև նրան, որ մագիստրանտական ծրագիր դնենք՝ դասագրքաստեղծ մասնագիտություն գծով»։
Նախարարը նշեց, որ առաջիկայում ծրագրում են վերականգնել հայտնի տերմինաբանական խորհուրդը, որը կզբաղվի հայոց լեզվի որակի, օտար լեզուների հայեցակարգի մշակման հետ կապված հարցերով։
«Որպես մանկական գրվածքների հեղինակ, տեսնում եմ, որ տարրական դասարաններում կան բանաստեղծություններ, որոնք սովորելու համար չեն, անգամ ես ինքս չեմ ցանկանա սովորել դրանք, կան բանաստեղծություններ, որոնց հեղինակներն ընդհանրապես հայտնի չեն, սրանք պետք է վերանայել։ Իսկ ավելի բարձր դասարանների գրականության դասագրքերում էլ ժամանակակից գրականության պակաս կա, սա ևս մեծ խնդիր է»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Քննարկամը ներկա ՀԳՄ անդամները հարց բարձրացրեցին երեխաների համար հրատարակվող մանկապատանեկան մամուլի հետ կապված։ Նրանք նախարարին առաջարկեցին գրական մամուլը դպրոց մտցնել, քանի որ, նրանց խոսքով, կամավոր բաժանորդագրությունն էլ շատ հաճախ զլանում են կատարել դպրոցների տնօրենները։
Բանաստեղծ Արևշատ Ավագյանն ասաց, որ խաղերը չպետք է առարկայի վերածվեն։ Նա օրինակ բերեց, որ շախմատը առարկայի փոխարեն կարող է լինել խմբակի կարգավիճակով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները