Կ. Բեքարյան. Հայտարարությունների անհասցեականությունն Ադրբեջանն ընդունում է իր որդեգրած ձեռագրի խրախուսում
«Արդեն սովորել ենք, որ ցանկացած հնարավոր հանդիպումից, բանակցային որևէ էական էլեմենտից առաջ Ադրբեջանը սահմաններին որոշակի պրովակացիա է իրականացնում: Սա ձեռագիր է: Պատահական չէ, որ միշտ փորձում ենք միջնորդների ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ հայտարարությունների անհասցեականությունն Ադրբեջանն ընդունում է նման ձեռագրի խրախուսում և շարունակում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ պատասխանելով հարցին սահմանին երկու օր առաջ տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ու ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին:
Կ. Բեքարյանի խոսքով, կարևորն այն չէ, թե այդ հանդիպումը կկայանա, թե ոչ, այլ այն, թե ինչ կտա:
«Ինչ կտա-ի առումով շատ մեծ կասկածներ ունեմ, բավական թերահավատ եմ, քանի որ վերջին շրջանի հանդիպումները, բանակցությունները հստակորեն ցույց են տալիս, որ Ադրբեջանը որևէ կերպ ցանկություն չունի իրականացնելու Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, և այս առումով բանակցային գործընթաց կոչվածն ընդհանրապես դուրս է տրամաբանությունից: Ինչպե՞ս կարելի է նստել, խոսել քաղաքական կարգավորման մասին, երբ կրակում են, ոնց կարելի է մտածել վստահության միջոցների մասին, երբ սպանում են: Եթե ուզում ես արդյունք ունենալ, գոնե թեժ էլեմենտը պետք է հանված լինի և հանված լինի այն ձևով, որ դրանից հետո նման իրավիճակի առաջացումը հստակ, հասեցական ցույց տա, ով արեց, ինչի համար արեց»,- ասաց Կ. Բեքարյանը:
Հարցին, թե ի՞նչ սպասել Մինսկի խմբից Թալիշի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձից ու ադրբեջանցի հատուկջոկատայինի գերեվարումից հետո, նա ասաց. «Ինչ-որ կոչեր կլինեն: Կլինե՞ն արդյոք հստակ, հասցեական, կասկածում եմ, ինչ-որ ձևով, տողատակով ինչ-որ բան ցույց կտա՞ն, ցույց կտան»:
Նա նշեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանն ուղղակիորեն հրաժարվում էր իր բավական մեծ թվով կուրուստներից՝ ընդհանրապես փորձելով խուսափել նրանց նույնականացման խնդրից, վերադարձի հետ կապված հարցեր լուծելուց:
«Հատուկջոկատայիների պարագայում նոր ձեռագրի ենք ականատես լինում. հետամուտ լինել և սեփական զինվորին փորձել տեր կանգնել մինչև վերջ՝ Ադրբեջանն այդ էլեմնետը մի կողմ է հրում»,- ասաց Կ. Բեքարյանը:
Նրա խոսքով, ողբերգական էլեմենտ կա ադրբեջանցի գերեվարված այդ զինծառայողի մոր տարածած ուղերձում:
«Ի դեպ, Ադրբեջանի իրականության մեջ դրա դուրս գալը լրիվ պատահական է, ու հիմա մի հարց էլ կա, թե ի՞նչ տեղի կունենա այդ ընտանիքի հետ», -հավելեց Կարեն Բեքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան