Ստեփանակերտում կայացել է «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը
Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը, որին հաջորդել է մամուլի ասուլիս՝ ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմությանը, Ջիվան Ավետիսյանը նշել է, որ այն ևս մեկ փորձ է՝ ցույց տալու Արցախյան ազատամարտի տարիների իրադարձությունների հետևանքները:
«Գաղափարական առումով «Վերջին բնակիչը»-ը «Թևանիկ»-ի շարունակությունը չէ: Այն պատմություն է մարդկային հարաբերությունների մասին, որը տեղի է ունենում Արցախում՝ ադրբեջանցիների կողմից հայաթափված գյուղում: Ֆիլմը պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում կրակների մեջ այրում իր ամուսնուն»,- ասել է կինոռեժիսորը և հավելել, որ ֆիլմի նկարահանումները կատարվել են իր ծննդավայրում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում:
Ֆիլմի գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյանը նշել է, որ նկարահանվելու համար նա սկզբում սովորել է Ղարաբաղի բարբառը և թուրքերենը, քանի որ գլխավոր հերոսը ղարաբացի հայ է, ով ապրում է ազերիների կողմից բռնազավթված գյուղում:
«Երբ մարմնավորում էի գլխավոր հերոսին, չէի մտածում հայրենասիրության մասին, մտածում էի մարդկային ու իմ՝ հայի իրավունքների մասին, որ ես սխալ արարք չեմ անում: Ես իմ ծննդավայրն եմ պահում, ու գիտակցում էի, որ սա իմ տունն է, հողն է ու այստեղ են իմ արմատները»,- ասել է Ա. Խաչատրյանը:
Սոս Ջանիբեկյանը, ֆիլմում հանդես գալով թուրքի դերում, նշել է, որ այդ կերպարը մարմնավորելը հոգեբանական առումով իր համար շատ դժվար է եղել:
«Դաստիարակությանս, մտածողությանս և արյանս մեջ ատելություն ունենալով թուրքի հանդեպ՝ պետք է վերամարմնավորեի ու ստեղծեի մի կերպար, որը լինի շնչող մարդ: Դրա համար առաջին հերթին պետք էր հասկանալ իրեն, արդարացնել ու կարողանալ հասկանալ ինչո՞ւ է նա դարձել այդպիսին: Իրականում բարի կամ չար լինելը մեր որոշումներն են, որոնք հարաբերական են, և, իհարկե, մենք էլ թշնամու համար ենք չար»,- ասել է Ս. Ջանիբեկյանը:
Ֆիլմից ստացած տպավորությունների մասին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ Ջիվան Ավետիսյանն ունի ուրույն ռեժիսորական ձեռագիր և նրա ֆիլմերը առանձնանում են բարդ սյուժետային կառուցվածքով և կարողանում են հանդիսատեսին լարված պահել մինչև ֆիլմի ավարտը:
«Ջիվան Ավետիսյանը տաղանդավոր կինոռեժիսոր է, ով անցյալի պատմությունները կարողանում է շատ լավ ներկայացնել ներկայի մեջ՝ կարևոր ուղերձներ տալով նաև ապագայի համար: Խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանում նման ֆիլմի արտադրությունը և ցուցադրությունը հնարավոր է, քանի որ այն մեկ անգամ ևս փաստում է մեր հանդուրժողականության, մարդասիրության և մարդկային շատ այլ բարձր արժեքների մասին, որոնց մենք ենք դավանում»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը:
Նշենք, որ Հայաստանում «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Վերջին բնակիչը» երկու ամսից կլինի մեծ էկրաններին
- Պրոդյուսեր. Մեր նպատակին կհասնենք, եթե ադրբեջանցիները քաջություն ունենան տեսնելու այն, ինչ նկարահանված է «Վերջին բնակիչը» ֆիլմում
- «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ստեղծագործական և դերասանական կազմը՝ տարբեր երկրներից
- «Ղարաբաղյան պատերազմի մասին քիչ են ֆիլմեր նկարահանվում». Ջիվան Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին