Շարունակվում են մսի շուկաների կարգավորմանն ուղղված քայլերը մարզերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քայլեր է ձեռնարկում Հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ՝ կազմակերպելով մարզային հանդիպումներ մսի իրացման շղթայում տնտեսավարող սուբեկտների հետ,-տեղեկացնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ ՍԱՊԾ պաշտոնյաներն այցելել են Տավուշի մարզ (նմանատիպ հանդիպում անց է կացվել նաև Գյումրիում): Մարզերում լուրջ դժգոհությունների առիթ է հատկապես մսի փողոցային վաճառքը, որի արգելման, ինչպես նաև կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու հետ կապված խնդիրներն են քննարկվել Ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանի, Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի, Ծառայության Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանի, ինչպես նաև Իջևանի ոստիկանության ներկայացուցիչների միջև Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում:
Մարզի և Ծառայության պատասխանատուներն անդրադարձել են նաև մսի իրացման շուկայում առկա այլ՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, սննդի համար պիտանի ճանաչված մսի դրոշմակնիքի, վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական նորմերի, անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման խնդիրներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողական և գործուն քայլեր ձեռնարկել նշված խախտումները վերացնելու ուղղությումբ:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ներկայացուցիչները նաև շրջայց են կատարել Իջևանի մսի իրացման կետերում:
Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տնտեսավարողներին ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջները, ինչպես նաև հորդորել է ձեռնպահ մնալ ակնհայտ կասկածելի հիգիենիկ պայմաններում տեղափոխված մսեղիքն ընդունել-իրացնելուց, հավաստիանալ, որ առկա են բոլոր ուղեկցող փաստաթղթերը և պահպանել թե մսի իրացման տաղավարներին, թե անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջները: Նա նաև տեղեկացրել է, որ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում կենդանիների մորթի համար բացառապես սպանդանոցային պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը նաև ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է:
Ծառայության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում և թեժ գծի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- Բաբկեն Պիպոյանը՝ մսի շուկայում առկա խնդիրների մասին
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին