ԱԳՆ. Մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել Հայաստան-ԵՄ բանակցությունները
ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը: Հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիան Դանիելսոնը հույս են հայտնել, որ մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները:
Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենն անդրադարձել են ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը: Գոհունակությամբ արձանագրվել է ոլորտային համագործակցության խորացումը:
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։