«Մի քիչ ժպտացեք, այ մարդ». Վարչապետը՝ լրագրողներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կառավարությունը Գյումրին տուրիզմի քաղաք դարձնելու համար կստեղծի ֆոնդ, որի ներդումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է։
Ըստ նրա՝ այդ ներդրումները լինելու են տարբեր աղբյուրներից:
Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ Գյումրիում նախատեսվող ծրագրերն իրականություն են դառնալու, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Օրինակ՝ ես ինչ պետք է ասեմ, որ դուք դա համարեք երաշխիք: Ձեզ ի՞նչ երաշխիք տամ, բարաթ տա՞մ, ի՞նչ ձևով եք պատկերացնում երաշխիքը, ասեք՝ տամ»։
Կարեն Կարապետյանը նշել է, որ իր ընտանիքը Գյումրիում 500 հազար դոլարի ներդրում կանի։
Լրագրողի դիտարկմանը, թե Գյումրիում գործազրկություն է տիրում, մարդիկ արտագաղթում են, արդյոք հնարավոր չէր առաջին հերթին աշխատատեղ ստեղծել, վարչապետը պատասխանել է. «Մտածում եմ, պատկերացնում եմ, այդ իսկ պատճառով այստեղ եմ, որ աշխատատեղ ստեղծեմ: Դուք էլ մի քիչ ձեր տրամադրությունը փոխեք, չի կարելի այդ տրամադրությամբ երկիր փոխել»։
Հարցին, թե սոցիալական ծանր պայմաններում գտնվող Գյումրիում հնարավո՞ր է միայն տուրիզմի զարգացումով սոցիալական վիճակը փոխել, Կարեն Կարապետյանն ասել է, որ իհարկե միայն դրանով չէ խնդիրը լուծվելու, բայց դա, ըստ նրա, տրամադրություն է փոխում, ներդրումներ են ենթադրում. «Մենք չենք ասում, որ Գյումրիում բոլոր հարցերը երկու փողոցով են լուծվելու, բայց ամբողջը միանգամից անհնար է լուծել: Եկեք մի քիչ պրագմատիկ լինենք»։
Այնուհետև դիմելով լրագրողներին՝ ասել է. «Մի քիչ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղայն եք սաղդ նայում»։
Դիտարկմանը, թե սոցիալական ծանր վիճակում գտնվող Գյումրիում հնարավոր չէ միշտ ժպտալ,Կարեն Կարապետյանը նշել է. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք, տենց կլինի՞»։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում