Վարչապետ. Կլինեն նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք թռիչքներ կկազմակերպեն Գյումրիից
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցի շրջանակում այսօր եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, շրջայցի ընթացքում ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկա ներդրումային ծրագրերին:
Կառավարության հասարակայնության ու տեղեկատվության վարչության փոխանցմամբ, օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում:
Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար:
«Անհրաժեշտ է աշխատել զբոսաշրջային գործակալությունների հետ: Պետք է համապատասխան դաշտ ստեղծել, որպեսզի բիզնեսը գա օդանավակայան, մատուցվեն տարբեր ծառայություններ»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ կլինեն նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք տարբեր ուղղություններով թռիչքներ կկազմակերպեն Գյումրիից: