Արթուր Յուսպաշյանն ու Արթուր Ադամյանը` «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներ
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմն ավարտել է 10-օրյա ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում։ Երկու օր հանգստից հետո Աշոտ Բարսեղյանի սաները մինչև փետրվարի 10-ը կմարզվեն նախկին «Միկա» մարզահամիրում, իսկ փետրվարի 11-ին կմեկնեն Կիպրոս` երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի, որի ընթացքում ծրագրված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում։ «Գանձասար-Կապանը» հայրենիք կվերադառնա փետրվարի 25-ին։
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, «Գանձասար-Կապանի» շարքերն են համալրել Արթուր Ադամյանն ու Արթուր Յուսպաշյանը: «Միկայի» նախկին ֆուտբոլիստ, 24-ամյա կիսապաշտպան Արթուր Ադամյանի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Նախորդ տարի նա հանդես էր գալիս Ռուսաստանի 2-րդ խումբը ներկայացնող Պենզայի «Զենիթում», որի կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Ադամյանը «Միկայի» մարզաշապիկով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 65 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ։ Գործում է կիսապաշտպանության կենտրոնում։
Հայաստանի ազգային հավաքականի անդամ 27-ամյա Արթուր Յուսպաշյանի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրվել։ Նրա վերջին ակումբը եղել է Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Անագենիս» թիմը, որի կազմում 10 հանդիպում է անցկացրել։ Յուսպաշյանը «Փյունիկի» դպրոցի սան է, որի առաջին թիմի կազմում անցկացրել է 10 մրցաշրջան, մասնակցել է Բարձրագույն խմբի առաջնության 214 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի մարզաշապիկով 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ: