Ֆյուրիի մարզիչ. «Կլիչկոն քաղցա՞ծ կլինի, թե՞ ռինգ դուրս կգա գումար վաստակելու նպատակով»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրիի մարզիչն ու հորեղբայրը` Պիտեր Ֆյուրին, խոսել է ապրիլի 29-ին Լոնդոնում կայանալիք Էնթոնի Ջոշուա-Վլադիմիր Կլիչկո մենամարտի մասին: Տեղեկացնում է «Isport»-ը:
«Կարծում եմ` Ջոշուայի համար կլինի մեծ փորձություն և եթե նա հաղթահարի դա, ապա առավելագույն հարգանք կվայելի: Բայց եթե Կլիչկոն քաղցած է և եթե իսկապես ցանկանում է վերադարձնել բոլոր գոտիները, ապա դա կլինի անհավանական մրցամարտ:
Կլիչկոն, ըստ իս, մի փոքր առավելություն ունի: Նա ահռելի փորձ ունի, սակայն ձգտման առումով կան հարցեր: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենամարտի ժամանակ ինչպիսին կլինի ուկրաինացին ու եթե նա նվիրվի 100 տոկոսով, ապա Էնթոնին խնդիրներ կունենա:
Մենք գիտենք, թե ինչ է կատարվում Վլադիմիրի գլխում: Քաղցա՞ծ կլինի, թե՞ ռինգ դուրս կգա միայն գումար վաստակելու նպատակով: Նա արդեն 41 տարեկան է, կկարողանա՞ նախկին ցանկությամբ մենամարտել: Այս հարցերի պատասխանները չենք ունենա, մինչև չհնչի մեկնարկային զանգը»,- ասել է Ֆյուրի-ավագը: