Անտոնիո Կոնտե. «Ուզում ենք լավ խաղալ ու հաղթել «Արսենալին»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Արսենալի» հետ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումից առաջ հիշել է առաջին շրջանում այդ թիմից 0։3 հաշվով կրած պարտությունը։
«Կարևոր է չմոռանալ «Արսենալից» առաջին շրջանում կրած պարտությունը։ Դա խոշոր հաշվով պարտություն էր, և մենք արդեն առաջին խաղակեսից հետո պարտվում էինք 0։3 հաշվով։ Ես միշտ եմ հիշում այդ պարտությունը։ Հույս ունեմ, որ իմ խաղացողները նույնպես չեն մոռանա այն, որովհետև նրանց բարդ հանդիպում է սպասվում։ Այդ պարտությունից հետո շատ բան է փոխվել։ Հիմա միասնական թիմ ենք։ Ուզում ենք լավ խաղալ ու հաղթել «Արսենալին»։
Մենք լավ մարզավիճակում ենք ու լավ ֆուտբոլ ենք ցուցադրում՝ խաղալով բարձր արագությամբ։ Հիմա դա դրսևորելու գերազանց հնարավորություն ունենք։ Խաղում ենք մեր մարզադաշտում, երկրպագուները մեզ առաջ կմղեն, սակայն, անկասկած, «Չելսին» պարտավոր է շատ ուշադիր խաղալ։
Դիտել եմ «Արսենալի» ու «Ուոտֆորդի» խաղը։ Կարող եմ ասել, որ երբեմն արդյունքը չի համապատասխանում խաղին։ «Ուոտֆորդը» գերազանց հանդիպում անցկացրեց, բայց «Արսենալը» բազմաթիվ հնարավորություններ ուներ՝ գոլ խփելու ու այդ խաղում հաղթելու համար։ «Արսենալը» լավ մարզավիճակում է, և տարօրինակ է, որ նրանք պարտվեցին»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։