Ժիրինովսկին Լուկաշենկոյին համեմատել է քնքուշ հորթուկի հետ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությաննախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած քաղաքականությունը համեմատել է ռուսական ասացվածքից քնքուշ հորթուկի հետ: Այս մասին գրում է «Interfax»-ը։
«Կա մի այդպիսի ռուսական ասացվածք՝ քնքուշ հորթուկի մասին, որը նշանակում է, որ բելառուսների առաջնորդը Ռուսաստանից ինչ հնարավոր էր ծծեց, ներքաշեց, բայց մենք արդեն ասում ենք՝ որքա՞ն պետք է սա շարունակվի։ Ի՞նչ է ցանկանում Լուկաշենկոն։ Առանձին պետություն, բայց գները թող լինեն ներռուսաստանյան։ Ինչո՞ւ։ Այդ դեպքում եկեք մեր պետության մաս դարձեք։ Նստել, ասում է՝ տուր Ռուսաստան, տուր Եվրամիություն։ Ի՜նչ լավ է», -հայտարարել է Ժիրինովսկին կուսակցության համագումարում։
Միաժամանակ, նա նկատել է, որ Ռուսաստանը միշտ պահպանելու է դրական հարաբերությունները Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Միջին Ասիայի երկրների ժողովուրդների հետ։
Նկատենք, որ Ժիրինովսկու այս հայտարարությունը հաջորդել է Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի հասցեին արված մի քանի կտրուկ արտահայտություններին։ Մասնավորապես, Լուկաշենկոն մեղադրել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությանը միջպետական համաձայնագրերը խախտելու մեջ և պահանջել է քրեական գործ հարուցել Ռոսսելխոսնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերռտի նկատմամբ։