Քրիստինա Մլադենովիչ. «Դեռ անցած տարի այն կարծիքին էի, որ Վիխլյանցևան լավ է խաղում ու մեծ ներուժ ունի»
Աշխարհի 51-րդ ռակետ Քրիստինա Մլադենովիչը Պետերբուրգի մրցաշարում 6։1, 6։4 հաշվով առավելության է հասել «Ladies Trophy»-ի անցած տարվա չեմպիոն Ռոբերտա Վինչիի նկատմամբ։
«Ռոբերտան իսկական մարտիկ է և շատ խելացի խաղացող։ Նա փորձում էր տարբեր կերպ խաղալ և երկրորդ սեթում գրեթե բեկել էր հանդիպման ընթացքը։ Ուրախ եմ, որ հանգստություն պահպանեցի և կարողացա պատասխանել նրա գործողություններին»,- Մլադենովիչի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
«Պրեմիեր» կարգի իր երրորդ կիսաեզրափակչում Մլադենովիչը կխաղա այդ փուլի նորեկ Նատալյա Վիխլյանցևայի հետ։ Քառորդ եզրափակչում վերջինիս մրցակից Սիմոնա Հալեպը վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել ելույթները։
«Անցած տարի մենք խաղացել ենք Հերտոգենբոշում, և ես հաղթեցի երեք սեթում։ Առաջին անգամ տեսա նրան և դեռ այդ ժամանակ մտածեցի, որ շատ լավ է խաղում և մեծ ներուժ ունի։ Այնպես որ, նրա առաջընթացն ինձ չի զարմացնում»։