Հայաստանում տրիկոտաժեղենի, գորգերի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում շարունակում են նվազել ինչպես տրիկոտաժեղենի, այնպես էլ գորգերի արտադրության ծավալները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականին 2015 թ-ի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 56.1%-ով:
Եթե նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 18 տոննա գորգեր և գորգեղեն, ապա 2015թ-ի՝ 41 տոննա:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա 2016-ին Հայաստանում արտադրվել է 3 476.1 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ին՝ 3 607.3 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալները նվազել են 3.6%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2015թ-ին հանրապետությունում արտադրվել է 7.7 տոննա բամբակյա գործվածք, ապա 2016-ին՝ ընդամենը 3.6 տոննա, ինչը 53.3 տոկոսով պակաս է:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2016-ին 2.1 անգամ աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. 2015թ-ին հանրապետությունում արտադրվել է 7 901.6 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ-ին՝ 16 257.7 հազար զույգ: