Հենրիխ Մխիթարյան. «Շատ լավ եմ հարմարվել Մանչեսթերում»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Sky Sports»-ին տված հարցազրույցում խոսել է Մանչեսթերում իր կյանքի, աշխատանքի ու «Լեստերի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Նա պնդում է, որ կարող է ավելին անել, ուստի շարունակում է քրտնաջան աշխատել։
«Ես վայելում եմ իմ կյանքը Մանչեսթերում, մարզումները, խաղերը, ամեն ինչ,- ասել է Մխիթարյանը։- Շատ լավ եմ հարմարվել ու աշխատում եմ, որպեսզի ավելի լավ խաղամ, քանզի գիտեմ, որ ընդունակ եմ ավելիին։
Տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ հնարավոր է, որ չցուցադրեցի իմ ողջ ներուժը, սակայն յուրաքանչյուր խաղում աշխատում եմ անել հնարավորը, որովհետև դա շատ կարևոր է ինձ, երկրպագուների ու ակումբի համար։ Հնարավոր է, որ որոշ խաղերում այնքան էլ լավ չի ստացվում, սակայն ես շարունակում եմ աշխատել ու ձգտել՝ բարելավելու խաղը։
Կյանքում միայն լավ ժամանակներ չեն լինում։ Երբեմն սև օրեր եք ունենում։ Գուցե չէի սպասում, սակայն պատրաստ էի, որովհետև նման իրավիճակում նաև Դորտմունդում եմ եղել։
Ամեն ինչ ձեր գլխում է։ Պետք է ստիպեք ձեզ, որպեսզի ունենաք ցանկալին։ Եթե համառ եք, ոչինչ չի օգնի։ Եթե տխուր եք, ոչինչ չի օգնի։ Դուք պետք է պահպանեք լավատեսությունը, աշխատեք ու սպասեք հաջորդ հնարավորությանը։
Ֆուտբոլիստները բարեկամաբար են տրամադրված, և դուք կարող եք շատ արագ հարմարվել այստեղ, որովհետև յուրաքանչյուրը ձգտում է օգնել ձեզ։ Ակումբը փորձում է լուծել այն խնդիրները, որոնք ունենում եք, այնպես որ, կարծում եմ՝ տեղափոխվելուց արդեն 1-2 ամիս հետո ինձ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկն էի զգում»։