«Ծառուկյան» դաշինքի շուրջ համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է
«Ծառուկյան» դաշինքում դեռևս հստակ չեն որոշել դաշինքի կազմում կուսակցությունների միջև համաձայնագրի ստորագրման օրը, թեպետ մինչ այդ հայտարարվում էր, որ ստորագրումը տեղի կունենա փետրվարի 5-ին, կիրակի։
«Ուղղակի կան կազմակերպչական, ծրագրային հարցեր, որոն դեռ պետք է լուծվեն։ Շատ հնարավոր է ստորագրումը տեղի ունենա փետրվարի 7-ին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքին միացած «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը։
Նրա խոսքով, դաշինքի մաս կազմող կուսակցությունների հետ ծրագրային հարցերի շուրջ քննարկումներ են ծավալվում, որպեսզի դաշինքի վերջնական ծրագիրը պարզ լինի։
«Ծառուկյան» դաշինքի մաս կազմող չորս կուսակցություններից և մեկ շարժումից բացի, հայտարարվեց, որ այս դաշինքին են միանում նաև «Ալյանս» ու «Առաքելություն» կուսակցությունները։ Այս առնչությամբ Վարդանյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ նշված կուսակցությունների միանալու մասին և հավելեց, որ դաշինքի ծրագրային գաղափարախոսության վրա այժմ աշխատող աշխատանքային խումբը կազմված է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան, «Բարգավաճ Հայաստան», Ռամկավար Ազատական, ՀՀՇ կուսակցություններից ու «Միասնություն» շարժումից։
«Միգուցե այլ միացողներ էլ լինեն, ցանկացողները շատ-շատ են։ Մենք ուղղակի հիմա քննարկում ենք և մարտավարական, և ռազմավարական քայլերը։ Շտապելու տեղ չկա, օրերս կհայտարարենք», -հավելեց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է դաշինքի անվանմանը, ապա մեր զրուցակիցն ասաց, որ դաշինքը թեպետ դեռ ոչ պաշտոնապես, բայց թիմը ցանկություն ունի անվանել «Ծառուկյան», որպեսզի հեռավոր բնակավայրերում ապրող մարդիկ իմանան, որ այն կապ ունի անմիջապես Գագիկ Ծառուկյանի հետ։
«Ամենայն հավանականությամբ դաշինքն այդպես կկոչվի, չնայած պարոն Ծառուկյանը, ճիշտ է, այնքան էլ կողմ չէ այդ անվանմանը։ Բայց սոցհարցումներն ու շփումները մարդկանց հետ թե Երևանում, թե մարզերում, ցույց են տվել, որ ժողովուրդը հենց Ծառուկյանի հետ է կապում վաղվա օրը։ Այդ պատճառով էլ, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ այդ դաշինքը հենց այն դաշինքն է, որը ղեկավարելու է Ծառուկյանը, քարոզչական թիմի կողմից առաջարկվել է այդ անվանումը», -ներկայացրեց Վարդանյանը։
Հարցին, թե ստեղծվելիք դաշինքում տեղ ունի՞ արդյոք ՀՀ նախկին վարչապետ, նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, Վարդանյանը պատասխանեց, որ նրա միանալու կամ չմիանալու հարց չի քննարկվել։
«Աշխատանքային հանդիպում միանալու, չմիանալու, մերժելու կամ որևիցե քաղաքական համատեղ գործողություն անելու համար չի եղել», -հավելեց Արման Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Առաքելություն»-ը ընտրություններին կմասնակցի Ծառուկյան դաշինքին շրջանակներում
- «Ծառուկյան» դաշինքի շուրջ համախմբված ուժերի միջև համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին