Հայ և եվրոպացի երիտասարդները Երևանում քննարկում են հասարակական նորարարությանը վերաբերող խնդիրները
Տեղացի և օտարերկրյա 120 երիտասարդներ փետրվարի 3-ից 6-ը Երևանում մասնակցում են «ԱՅՍՕՐ նորարարության համար» խորագիրը կրող Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային առաջին նորարարական համաժողովին։ Համաժողովը երիտասարդների համար նոր հարթակ է՝ քննարկելու սոցիալական մարտահրավերներին առնչվող նորարարական գաղափարներ ու լուծումներ։
«Այս չորս օրերի ընթացքում վեց հանձնաժողովներում ընդգծված մասնակիցները կքննարկեն հասարակական նորարարությանը և ձեռնարկատիրության վերաբերող նորարարական լուծումներ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ստարտափների գործուներության խթանումը, փախստականների ինտեգրումը աշխատաշուկայում, կանանց դեը գիտության և տնտեսագիտական ոլորտներում, թվային միասնական շուկայի զարգացումը, սննդի անվտանգությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց համաժողովի գլխավոր կազմակերպիչ Տաթևիկ Մկրտումյանը։
Նրա խոսքով՝ խնդիրների շուրջ երիտասարդների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ԵԵՊ միջազգային գրասենյակի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության դատին. «Մշակված լուծումները կներկայացվեն նաև մի շարք տեղական և միջազգային ձեռնարկությունների՝ դրանց հետագա իրագործման ակնկալիքով։ Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած հայ պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը ապրիլ ամսին Նորվեգիայում կայանալիք ԵԵՊ գլխավոր միջազգային համաժողովին»։
Տաթևիկ Մկրտումյանը տեղեկացրեց նաև, որ ԵԵՊ-ի ցանկացած համաժողով ազատ հայտագրում է ունենում, դրան կարող են դիմել և պառլամենտի անդամները, և ցանկացած ազատ երիտասարդ. «Հայտագրումը տևում է տասը օր, երիտասարդները ընտրության մի քանի փուլ են անցնում, դիմողները կարող են հասնել հազարի, բայց ընտրվել՝ 100-ը»։
Համաժողովը համաֆինանսավորվել է Եվրոպական միության, Հայաստանի կարմիր խաչի ընկերության և Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից։