«Թբիլիսիյան դեմքեր»-ը՝ Գերման Ավագյանի լուսանկարներում
Թբիլիսիի «Black & White Gallery» ցուցասրահում բացվել է լուսանկարիչ Գերման Ավագյանի «Թբիլիսիյան դեմքեր» (Faces of Tbilisi) խորագրով ցուցահանդեսը: Ազգությամբ հայ, վրացի, ադրբեջանցի, ռուս, հրեա…. Վրաստանում ծնված հայի՝ Գերման Ավագյանի հերոսներն ընտրված են ըստ ազգության՝ թիֆլիսեցիների բազմազանությունն ու նմանությունն արտացոլելու նպատակով:
aliq.ge գրում է, որ ֆոտոնախագծի հեղինակն աշխատանքի ընթացքում շփվել է լուսանկարների հերոսներից յուրաքանչյուրի հետ, ասում է՝ իրենցից շատ բան է սովորել.«Հերոսներին պատահական եմ ընտրել, հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չէր մերժում ինձ… Լուսանկարներն արել եմ հին տեսախցիկով, դրան երկար ժամանակ է հարկավոր, երբ ժապավենը փոխում էի, շփվում էինք։ Հերոսներ կան, որոնցից շատ բան եմ սովորել կյանքի մասին, որ չէի լսի ոչ Երևանում, ոչ Մոսկվայում, այդպես կարող էին խոսալ միայն Թբիլիսիում»։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ինչպես նախագծի հերոսները, այնպես էլ Գերման Ավագյանի ընկերները:
Շեյխ Հաջի Վագիֆ Ալեկբերովը ծնվել և բնակվում է Թբիլիսիի թերևս ամենակոլորիտային թաղամասերից մեկում՝ Մեյդանում: Ազգությամբ ադրբեջանցի լինելով հանդերձ, Հաջի Վագիֆը ազատ տիրապետում է հայերենին, ասում է՝ իրենց թաղամասում ազգությունը նշանակություն չունի:
«Ես շատ ընկերներ ունեմ Մեյդանում, մեծացել եմ այնպիսի վայրում, որտեղ տեղակայված են հայկական եկեղեցի, մզկիթ, սինագոգ, Սիոնի… մեզ համար տարբերություն չկա, թե ով ինչ ազգության է, կարևորը մարդկային հատկություններն են…..»,- նշում է նա:
Լուսանկարիչ Մայա Դաիսաձեի գնահատմամբ, շատ ակտուալ են այս լուսանկարներն ամբողջ աշխարհում. «Ամբողջ աշխարհը, Եվրոպան քարոզում է հանդուրժողականություն, սեր: Կարծում եմ՝ Թբիլիսիում չկար թաղամաս, որտեղ չտիրապետեին բոլոր լեզուներին: Օտար աչքի համար սա ավելի անսովոր է, քան մեզ համար, քանզի մեզ համար սովորական է բազմազգ երկրում ապրելը, սրա հետ մեկտեղ բոլորը զարմանում են, թե կողք-կողքի ինչպիսի սիրով ենք կարողանում ապրել»:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախաձեռնությամբ:
«2017-ի համար պլանավորել ենք մի շարք միջոցառումներ, առաջինը` Գերման Ավագյանի ցուցահանդեսն է: Հեղինակը փորձ է կատարել առանձին մարդկանց դեմքերով ցույց տալ Թբիլիսիում տարբեր ազգերի, մշակույթների ներկայացուցիչների դեմքը: Սա շատ հետաքրքիր գաղափար է և շատ լավ է ստացվել: Նման միջոցառումները շատ կարևոր են մեր երկրների երկխոսության տեսակետից»,-ասել «Կովկասյան համագործակցություն» կազմակերպության ղեկավար է Հովհաննես Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում