«Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
Հայաստանում այսօր կինեմատոգրաֆիան բավականին թույլ վիճակում է, և այն վերականգնելու ու զարգացնելու ուղղությամբ անհրաժեշտ են գործուն քայլեր: Հանրային խորհրդում նախօրեին Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանի ու խորհրդի անդամների հետ հանդիպմանն ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Կարևորվել է հատկապես «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակումը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Նախարարությունը քննարկում է նաև Հայաստանը արտասահմանյան կինոարտադրողների համար գրավիչ դարձնելու հնարավորությունները:
Հանրային խորհրդի լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գրահրատարակչության ոլորտի խնդիրներին: Այստեղ, ըստ նախարարի, միանգամայն նոր մոտեցումներ են ներդրվել, որտեղ ամրագրված է բացառապես որակյալ գրքեր հրատարակելու և ընթերցողներին պահանջված գրականություն հասցնելու սկզբունքը:
Ինչ վերաբերում է պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, Ամիրյանը նշել է, որ հուշարձանների հիմնանորոգման և ամրացման հին մոտեցումները նույնպես վերանայվել են, և այժմ ամեն տարի ընտրվելու է հուշարձանների որոշակի խումբ, որն ամբողջությամբ նորոգվելու է կամ ամրացվելու, որից հետո միայն ընտրվելու է հաջորդ խումբը:
Արմեն Ամիրյանը նաև շեշտել է ոլորտը կապիտալիզացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա իր հերթին կնպաստի մշակույթի աշխուժացմանն ու զարգացմանը:
Նախարարի խոսքով՝ կարևոր ծրագիր է համահայկական հարթակների ձևավորումը, որի վառ դրսևորումը համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումն էր: Ամիրյանն ընդգծել է, որ այդ գործընթացին զուգահեռ նախարարությունը փորձում է նաև, ըստ երկրների, հաշվառում կատարել սփյուռքում հայկական մշակութային պոտենցյալը գնահատելու նպատակով:
Նախարարը ներկայացրել է նաև ժամանակակից թանգարանների ստեղծման ծրագիրը, որով նախատեսվում է ունենալ հայկական ռազմարվեստի, կերպարվեստի, գորգարվեստի, գինու, տիկնիկների, անգամ ստորջրյա թանգարաններ:
Հանրային խորհրդի անդամները մատնանշել են մի շարք հիմնախնդիրներ, ներկայացրել առաջարկներ՝ կարևորելով հատկապես մշակութային միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը: Հանրային խորհրդի կողմից բարձրացված հարցերը վերաբերել են ոչ միայն ընդհանուր խնդիրների, ինչպիսիք են մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների, նոր օրենքների ընդունման, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի ու հայեցակարգի մշակման, հեռուստաեթերի մաքրման և բարձր չափորոշիչների ներդրման, կրթության և մշակույթի փոխկապակցված ծրագրերի իրականացման, էկոլոգիական մշակույթի ձևավորման անհրաժեշտությանը և այլն: Հնչել են կոնկրետ հարցեր ու առաջարկներ՝ կապված, օրինակ, դպրոցներում ֆիլհարմոնիկ նվագախմբերի և երգչախմբերի ձևավորման, էժանագին ու անբովանդակ սերիալների փոխարեն պետականորեն մշակված և հստակ գաղափարախոսություն պարունակող գեղարվեստական ֆիլմերի նկարահանման անհրաժեշտության հետ, պատմամշակութային հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական վահանակներում առկա աղաղակող անճշտությունների վերացման, անգամ ՀՀ պետական օրհներգին ու զինանշանին առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին