Աղի բլիթին պետք չէ ապավինել, այլ Սուրբ Սարգսի բարեխոսությանն ու Տիրոջը. Տեր Պետրոս ավագ քահանա
«Սուրբ Սարգսի տոնը երկու մասից է բաղկացած՝ հոգևոր, եկեղեցում մատուցվում է պատարագ, ժողովրդական, որը տոնախմբությունն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:
«Հիմնականում երբ ասում են Սուրբ Սարգսի տոն, երիտասարդների մոտ այն տպավորությունն է, որ պետք է աղի բլիթ ուտեն: Մենք բնույթով ազգային եկեղեցի ենք, մենք չենք մերժում մեր ազգային սովորություններն ու ծեսերը: Բայց դեմ ենք սնոտիապաշտությանը»,- ասաց Տեր Պետրոս ավագ քահանան:
Նրա խոսքով, եկեղեցին դեմ չէ, բայց ոչ էլ քաջալեում է աղի բլիթ ուտելու այդ սովորությունը:
«Մենք չենք կարող մտնել բոլորի տներն ու հսկել՝ ուտում են աղի բլիթ, թե ոչ: Բայց եթե մարդ մի գործողություն է կատարում ու դա հավատքով է անում, կարծում եմ, ինքը կարժանանա աստվածային հրաշքի: Աղի բլիթը զուտ խորհրդանշական իմաստ ունի, ուրիշ ոչինչ: Աղի բլիթին պետք չէ ապավինել, այլ Սուրբ Սարգսի բարեխոսությանն ու Տիրոջը: Աղի բլիթը սիմվոիկ բան է, այն վտանգ էլ չի ներկայացնում: Աղի բլիթի մեջ կա ազգային գեղեցիկ սովորության մի հատիկ, որ մինչ օրս մեզ է հասել»,-ասաց քահանան:
Նա ընդգծեց, որ չի կարելի մերժել ազգային սովորություններն ու ավանդույթները, այլապես կկատրվեն արմատներից:
Ասուլիսին ներկա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը աղի բլիթ ուտելու երևույթը ներկայացրեց մշակութաբանության տեսակետից՝ նշելով, որ դա ծես է ու կա ծիսական մտածողություն:
«Եթե ծեսի մեջ նման սիմվոլիկ բաներ չլինեն, չի կարող ծես դառնալ, կդառնա սովորական արարողությություն: Պետք է միստիկ, ծիսական մտածողություն: Հենց աղի բլիթն այդ սիմվոլիկ միջոցներից մեկն է ծեսը ծես դարձնելու համար: Պետք է ոչ հավատալ, ոչ էլ չհավատալ: Գեղագիտություն է մտցնում ծեսի մեջ»,- ասաց Գ. Մանասյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա