Պոլ Ինս. «Ռունիի ժամանակը «Մանչեսթեր Յունայթեդում» ավարտվել է»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Ինսը նշել է, որ ժամանակն է, որպեսզի Ուեյն Ռունին հեռանա թիմից։ Նրա խոսքերով՝ ֆուտբոլիստը պետք է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում, այլ ոչ թե տեղափոխվի Չինաստան կամ ԱՄՆ։
«Եթե նրա տարիքում հայտնվեի նման իրավիճակում, երբեք չէի մնա «Մանչեսթեր Յունայթեդում»,- Ինսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ռունին 31 տարեկան է, բայց մինչ օրս ցանկանում է մասնակցել յուրաքանչյուր հանդիպման։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» նրա ժամանակն անցել է։ Ակումբը չի կարող նրան ավելին առաջարկել, իսկ նա չափազանց լավն է և չի կարող հայտնվել պահեստայինների նստարանին։ Հեռանալու ժամն է։
Խոսակցություններ են եղել Չինաստանի և MLS-ի մասին, բայց ես վստահ եմ, որ նա դեռ կարող է օգուտ տալ անգլիական ֆուտբոլին։ Եթե Մոուրինյոն ասի, որ Ռունին վաճառվում է, մրցաշարային աղյուսակի վերնամասի ակումբներից յուրաքանչյուրը կարող է պայմանագիր ստորագրել նրա հետ»։