Աղասի Աղասյանը հանել է մարզակոշիկները և չի ներկայացել պարգևատրման արարողությանը
Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ընթացքի մեջ է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Մինչև 94 կգ քաշայինների պայքարում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Աղասի Աղասյանի մասնակցությամբ: Ծանրորդը, ով հիմնականում հանդես է գալիս մինչև 85 կգ քաշային կարգում, այս առաջնությանը մասնակցում էր 94 կգ քաշայինների պայքարին:
Ինչպես տեղեկացնում է armfootball.com-ը, Աղասյանը հաջող է իրացրել բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 344 կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով միայն գյումրեցի երիտասարդ ծանրորդ Կարուշ Ղուկասյանին (350 կգ), ով անձնական քաշով գերազանցում էր Աղասյանին մոտ 9 կգ-ով:
Վերջին մոտեցմամբ Աղասյանը բարձրացրեց 190 կգ-ոց ծանրաձողը ու այն սովորականից ավել պահել գլխավերևում, ինչից հետո հանել է մարզակոշիկներն ու թողել դրանք մրցահարթակի վրա: Պարգևատրման արարողությանը մարզիկը չի ներկայացել: Ամենայն հավանականությամբ, Աղասյանը նման կերպ արտահայտում էր իր բողոքը` կապված օլիմպիական խաղեր չմեկնելու հետ:
Առաջնությունից հետո Աղասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտարարելով, որ ավարտում է մարզական կարիերան:
«Ես հեռանում եմ սպորտից` ճակատս բարձր: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»,- գրել է Աղասյանը: